«Օղակ» գործողություն. արցախահայության բռնի տեղահանում և պետական ահաբեկչություն
05 Հուլիս 2026
Արցախյան հակամարտության պատմության մեջ «Օղակ» գործողությունը (ռուսերեն՝ Операция «Кольцо») պետական ահաբեկչության, էթնիկ զտումների և միջազգային հումանիտար իրավունքի զանգվածային խախտումների դասական օրինակ է: 1991 թվականի գարնանն ու ամռանն իրականացված այս ռազմական գործողությունը, որը պաշտոնապես ներկայացվում էր որպես «անձնագրային ռեժիմի ստուգում», իրականում նպատակ ուներ վերջնականապես լուծելու Արցախի հարցը՝ բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելու և տարածաշրջանի ժողովրդագրական պատկերն արմատապես փոխելու միջոցով:
Սույն հոդվածի նպատակն է համապարփակ վերլուծության ենթարկել «Օղակ» գործողության պատմաքաղաքական նախադրյալները, իրագործման մեխանիզմները, ներգրավված դերակատարների պատասխանատվությունը և հումանիտար հետևանքները: Հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվում իրավական և քաղաքական որակումներին՝ միջազգային իրավունքի և արդի գիտական հայեցակարգերի համատեքստում համապատասխան գնահատական տալու նպատակով:
Պատմական և աշխարհաքաղաքական համատեքստը
«Օղակ» գործողությունը պետք է դիտարկել և քննել Խորհրդային Միության փլուզման և դրան նախորդած էթնիկ լարվածությունների համատեքստում: Հակամարտության արմատները հասնում են 1921 թ., երբ ՌԿ(բ)Կ Կովկասյան Բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին: Տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունները վարել են հայկական ինքնության ճնշման և տարածաշրջանի «ադրբեջանականացման» հետևողական քաղաքականություն, ինչը 1988 թվականին հանգեցրեց Արցախյան շարժման վերածննդին:
1991 թվականին իրավիճակը ողջ ԽՍՀՄ-ում ճգնաժամային էր: ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները՝ Միխայիլ Գորբաչովի գլխավորությամբ, փորձում էին պահպանել միասնական պետությունը նոր Միութենական պայմանագրի միջոցով: Հայաստանի Հանրապետությունը, որդեգրելով անկախության ուղին, բոյկոտեց 1991 թվականի մարտի 17-ի համամիութենական հանրաքվեն: Ի հակադրություն Հայաստանի դիրքորոշման, Ադրբեջանի ղեկավարությունը՝ Այազ Մութալիբովի գլխավորությամբ, հավատարմություն հայտնեց Մոսկվային՝ դրա դիմաց ստանալով Խորհրդային Միության զինված ուժերի աջակցությունը հայկական դիմադրությունը ճնշելու հարցում: Այսպիսով, «Օղակ» գործողությունը դարձավ պատժիչ միջոցառում ընդդեմ Հայաստանի անկախության ձգտումների և Արցախի ինքնորոշման պայքարի:
Գործողության ծրագրումը և հիմնական դերակատարները
«Օղակ» գործողության գաղափարախոսության մշակումն ու դրա իրագործման ծրագրի կազմումը սկսվել էր դեռևս 1989-1990 թվականներին:
Ինչպես վկայում են արխիվային նյութերը և հետագայում արված հարցազրույցները, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն այս ծրագրի գլխավոր ճարտարապետներից էր: Պոլյանիչկոն նմանատիպ գործողություններ իրագործելու փորձ ձեռք էր բերել Աֆղանստանում: Նա էր կազմել հայաբնակ գյուղերի ամբողջական հայաթափման հրեշավոր ծրագիրը:
Գործողությունն իրականացվում էր մի քանի ուժային կառույցների սերտ համագործակցությամբ: Հիմնական հարվածային ուժն ապահովում էին ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության զորքերը՝ մասնավորապես Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված 4-րդ բանակը և դրա կազմում գտնվող 23-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիան: Գյուղերի անմիջական շրջափակումն ու «օղակի» ստեղծումն իրականացնում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը: Իսկ բնակավայրեր ներխուժելու, բռնություններ, թալան և բնակչության բռնի տեղահանում իրականացնելու գործառույթը վստահված էր «սև բերետավորներ» անվամբ հայտնի Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատներին (ՕՄՕՆ):
Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը խոստովանել է, որ դեռևս 1989 թվականին նման գործողությունների ծրագրեր են քննարկվել Մոսկվայի հետ: Մոսկվան այս գործողությամբ փորձում էր քաղաքական ճնշում գործադրել հայ բնակչության վրա և ստիպել հրաժարվելու անկախության գաղափարից, մինչդեռ Բաքուն դիտարկում էր այն որպես տարածաշրջանի վերջնական հայաթափման հնարավորություն:
Գործողության իրականացման մեխանիզմը և փուլերը
«Օղակ» գործողությունն առանձնանում էր ռազմական հստակ մարտավարությամբ, որը կրկնվում էր բնակավայրից բնակավայր: Սկզբնական փուլում ԽՍՀՄ ներքին զորքերը և խորհրդային բանակի ստորաբաժանումները՝ օգտագործելով զրահատեխնիկա (S-72 տանկեր, ՀՄՄ-ներ) և մարտական ուղղաթիռներ (ՄԻ-24), շրջափակում էին հայկական գյուղերը՝ կտրելով հաղորդակցության բոլոր ուղիները, հեռախոսակապը և էլեկտրաէներգիան:
Երբ գյուղը հայտնվում էր լիակատար մեկուսացման մեջ, բարձրախոսներով հայտարարվում էր «անձնագրային ռեժիմի» ստուգման մասին:
Գյուղացիներից պահանջում էին դուրս գալ տներից և հավաքվել կենտրոնական հրապարակում: Սա ծառայում էր որպես իրավական քողարկում լայնամասշտաբ բռնությունների համար: Այնուհետև գյուղ էին մտնում ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները և բնակարանների «զննության» անվան տակ թալանում, սպանում, խոշտանգում հայությանը:
Գործողությունը 1991 թվականի ապրիլի 30-ին սկսվեց Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի վրա հարձակմամբ: Այս բնակավայրերը, գտնվելով ԼՂԻՄ սահմաններից դուրս, ունեին ռազմավարական մեծ նշանակություն: Գետաշենի պաշտպանությունը ղեկավարում էր Թաթուլ Կրպեյանը, իսկ Մարտունաշենինը՝ Սիմոն Աչիքգյոզյանը: Հարձակումը սկսվեց վաղ առավոտյան՝ զանգվածային հրետակոծությամբ: Չնայած խորհրդային բանակի տրամադրած ահռելի ուժային առավելությանը՝ հայ կամավորները ցույց տվեցին կատաղի դիմադրություն: Թաթուլ Կրպեյանը, փորձելով կանխել խաղաղ բնակչության կոտորածը, գերի վերցրեց խորհրդային բանակի մի քանի սպաների, այդ թվում՝ գնդապետ Մաշկովին, օգտագործելով նրանց որպես կենդանի վահան բանակցությունների համար: Այնուամենայնիվ, անհավասար մարտում Թաթուլ Կրպեյանը և Սիմոն Աչիքգյոզյանը հերոսաբար զոհվեցին:
Գյուղ ներխուժած ՕՄՕՆ-ականները դրսևորեցին ծայրահեղ դաժանություն: «Մեմորիալ» կազմակերպության տվյալներով՝ սպանվեցին տասնյակ մարդիկ, հիմնականում տարեցներ, ովքեր չէին կարողացել լքել տները: Բնակիչներին ուժով նստեցնում էին ուղղաթիռներ և տեղափոխում Ստեփանակերտ կամ Հայաստան՝ ստիպելով նախապես ստորագրել «կամավոր» հեռանալու մասին փաստաթղթեր:
Գետաշենի և Մարտունաշենի անկումով սկզբնավորված «Օղակ» գործողության աշխարհագրությունն արագորեն ընդլայնվեց՝ ընդգրկելով Հյուսիսային Արցախի, Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների այլ հայաբնակ վայրեր ևս։ Շահումյանի շրջանի այս առաջնագծային բնակավայրերի ամբողջական տեղահանումից հետո (ապրիլի 30 – մայիսի 8), արդեն մայիսի կեսերին բռնաճնշումների հաջորդ թիրախը դարձավ Հադրութի շրջանը, որտեղ մայիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ գործողություններով իրականացվեց մի շարք հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանությունը։
1992 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումները, օգտագործելով Գանձակում տեղակայված խորհրդային նախկին 4-րդ բանակի զգալի ռազմական ներուժն ու սպառազինությունը, լայնածավալ հարձակողական գործողություն ծավալեցին Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան սահմանագծի ողջ երկարությամբ՝ Շահումյանից մինչև Հադրութ։ Ռազմական գործողությունների կիրառմամբ ադրբեջանական կողմը բռնազավթել է ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, ինչպես նաև Ասկերանի շրջանի մի շարք գյուղեր:
Այսպիսով, շուրջ երկու ամիս տևած «Օղակ» գործողության հետևանքով ընդհանուր առմամբ հայաթափվեց ավելի քան 24 գյուղ։ Բռնի տեղահանված և սեփական հայրենիքից արտաքսված խաղաղ հայ բնակչության թիվը, ըստ պատմագիտական և իրավապաշտպան աղբյուրների համադրված տվյալների, կազմեց 10․000 մարդ:
«Օղակ» գործողությունն ուղեկցվել է մարդու իրավունքների համակարգված և զանգվածային խախտումներով, որոնք արձանագրվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կառույցների, մասնավորապես՝ Helsinki Watch (ներկայումս՝ Human Rights Watch) կազմակերպության զեկույցներում։ Գործողության ընթացքում իրականացված բռնությունները ներառում էին արտադատական սպանություններ, ֆիզիկական խոշտանգումներ և անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով խաղաղ բնակչության, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ կիրառված ուժային հարկադրանք, ինչի հետևանքով սպանվեց շուրջ 100 հայ խաղաղ բնակիչ:
Արձանագրվել են նաև մարդկանց ողջ-ողջ այրելու և մարմնական ծանր խեղումների ենթարկելու առանձին փաստեր։
Բնակչության ահաբեկման և հայկական ինքնապաշտպանական ջոկատների վրա լրացուցիչ քաղաքական ու հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով լայնորեն կիրառվել է պատանդառության մարտավարությունը: «Օղակ» գործողության ողջ ընթացքում պատանդ է վերցվել շուրջ 700 հայ: Նրանց զգալի մասը տեղափոխվել է Գանձակի քննչական մեկուսարան և բանտեր, որտեղ ձերբակալվածները ենթարկվել են համակարգված խոշտանգումների ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։
Մարդկային կորուստներին զուգահեռ, գործողությունն ուներ ընդգծված տնտեսական բաղադրիչ, որն արտահայտվում էր խաղաղ բնակչության գույքի համատարած կողոպուտով ու ոչնչացմամբ։ Բնակչության բռնի տեղահանումից անմիջապես հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ը և տեղի ադրբեջանցի բնակիչները հրկիզում էին հայերի տները, թալանում գյուղտեխնիկան, յուրացնում անասունը և միտումնավոր ոչնչացնում այն ամենը, ինչը հնարավոր չէր կողոպտել: Գույքի և կենսական ենթակառուցվածքների այսօրինակ կազմակերպված ոչնչացումն ուներ հստակ ռազմավարական նպատակ՝ ամբողջությամբ բացառել հայերի հնարավոր վերադարձը հայրենի օջախներ:
Համաշխարհային մամուլի արձագանքը
Չնայած խորհրդային տեղեկատվական շրջափակմանը՝ «Օղակ» գործողության մասին տեղեկությունները ներթափանցեցին միջազգային լրահոս:
Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ տեղի ունեցածը բնութագրում էին որպես էթնիկ զտում և պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչություն:
Ամերիկյան և բրիտանական խոշորագույն լրատվական գործակալություններն ու հեռուստառադիոընկերությունները, մասնավորապես՝ Associated Press-ը, United Press International-ը, Reuters-ը, BBC-ն, ինչպես նաև CNN հեռուստաընկերությունը (որը 1991 թ. ապրիլի 30-ին կեսժամանոց հատուկ թողարկում հեռարձակեց Գետաշենի դեպքերի վերաբերյալ), ռուսերենով և անգլերենով պարբերական տեղեկատվություն էին հաղորդում Արցախում և Շահումյանում տեղի ունեցող բռնագաղթի մասին:
Միջազգային մամուլի վերլուծություններում հստակորեն մատնանշվում էր Մոսկվայի կողմնակալ դիրքորոշումը. The Washington Post պարբերականում Մայքլ Դոբսն արձանագրում էր, որ ռազմական գործողությունները ծավալվել են այն բանից հետո, երբ տանկերով ու զրահամեքենաներով զինված խորհրդային ՆԳՆ զորքերը ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ համատեղ շարժվել են հայաբնակ գյուղերի վրա՝ փորձելով նախագահ Մ. Գորբաչովի գլխավորությամբ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Իր հերթին, The Washington Times-ը շեշտում էր, որ ԽՍՀՄ նախագահը, ՊԱԿ-ը և ՆԳՆ-ն մեղադրվում են պետական ահաբեկչություն թույլ տալու մեջ, իսկ The Los Angeles Times-ն արձանագրում էր, որ «Անկախության ուղի բռնելու համար Հայաստանը պատժվեց Խորհրդային Միության իշխանությունների կողմից»:
Իրավական գնահատական. Էթնիկ զտո՞ւմ, թե՞ ցեղասպանություն
«Օղակ» գործողության իրավական որակումն առանցքային է պատմական արդարության վերականգնման համար: «Օղակ» գործողության ընթացքում իրագործված արարքները, արդի գիտական և միջազգային-իրավական վերլուծություններում, դասակարգվում են երկու հիմնական հասկացությունների շրջանակներում:
Միջազգային իրավունքի տեսանկյունից «Օղակ» գործողությունն իրագործման մեթոդաբանությամբ և նպատակադրմամբ դասական էթնիկ զտում է:
Ըստ ՄԱԿ-ի սահմանման՝ այս երևույթը բնորոշվում է որպես մի էթնիկ խմբի կողմից մյուսին որոշակի տարածքից բռնի ուժով հեռացնելու նպատակաուղղված քաղաքականություն: Գործողության ընթացքում արձանագրված և համակարգված բնույթ կրող այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք են արտադատական սպանությունները, պատանդառությունը, ֆիզիկական խոշտանգումներն ու խաղաղ բնակչության գույքի միտումնավոր ոչնչացումը, միջազգային պրակտիկայում դիտարկվում են որպես էթնիկ զտումների իրագործման բազային գործիքակազմ:
Միևնույն ժամանակ, համաձայն 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի II հոդվածի՝ ցեղասպանություն է համարվում որոշակի ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի անդամների սպանությունը կամ նրանց համար կանխամտածված այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնք միտված են այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։
Այս համատեքստում, Հյուսիսային Արցախի հայաբնակ գյուղերում իրականացված կազմակերպված կոտորածները, բնակչության ամբողջական բռնի տեղահանումն ու կենսական միջավայրի հետևողական ոչնչացումը լիովին համապատասխանում են ցեղասպանության հանցակազմի իրավական հատկանիշներին:
Հատկանշական է, որ միջազգային կառույցները ոչ միայն ժամանակին չտվեցին «Օղակ» գործողության պատշաճ իրավաքաղաքական գնահատական, այլև տասնամյակներ շարունակ դրա կազմակերպիչներն ու անմիջական իրագործողներն այդպես էլ չենթարկվեցին քրեաիրավական պատասխանատվության: Միջազգային իրավունքի տեսանկյունից այս հանցագործության համար պատասխանատվությունը բաշխվում է երկու հիմնական՝ պետական և անհատական քրեական մակարդակներում։
Պետական պատասխանատվության տիրույթում առաջնային սուբյեկտ է Ադրբեջանի Հանրապետությունը, որը, որպես Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ, կրում է ուղղակի պատասխանատվություն իր վարչական սահմաններում իրականացված էթնիկ զտումների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների և բռնի տեղահանությունների համար։ Նույն տրամաբանությամբ, իրավական պատասխանատվության համապարտ բաժին է կրում նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ԽՍՀՄ միջազգային-իրավական իրավահաջորդ և շարունակող պետություն, քանի որ խորհրդային կենտրոնական իշխանության վերահսկողության տակ գտնվող կանոնավոր զորքերն ու ՆԳՆ ստորաբաժանումները գործուն և առանցքային աջակցություն են ցուցաբերել այդ հանցագործությունների իրագործմանը:
Պետական պատասխանատվությանը զուգահեռ ժամանակակից իրավագիտության մեջ գործում է նաև անհատական քրեական պատասխանատվության սկզբունքը։ Այս համատեքստում, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյի, ինչպես նաև գործողությանը մասնակից խորհրդային և ադրբեջանական բարձրաստիճան զինվորականների ու հրամանատարների նպատակաուղղված գործողությունները, ըստ միջազգային քրեական իրավունքի չափանիշների, բնորոշվում են որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված արարքներ, որոնք չունեն վաղեմության ժամկետ:
Եզրակացություն
«Օղակ» գործողությունը դարձավ այն «կարմիր գիծը», որից հետո Արցախյան հակամարտությունն անդառնալիորեն անցավ լայնամասշտաբ պատերազմական փուլի:
Հայկական կողմի համար սա դաս եղավ, որ միայն սեփական զինված ուժերի ստեղծումը կարող է երաշխավորել բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Սա խթանեց Հայաստանի Պաշտպանության նախարարության ձևավորումը 1992 թվականին և կամավորական ջոկատների միավորումը կանոնավոր բանակի կազմում:
«Օղակ» գործողությունը սոսկ տեղային ռազմական իրադարձություն չէր, այլ պետականորեն ծրագրված էթնիկ զտման քաղաքականություն, որի հեռահար նպատակն Արցախում հայկական գործոնի լիակատար վերացումն էր։ Մայրամուտին գտնվող խորհրդային կայսրության իրական դեմքը բացահայտած այս իրադարձությունների իրավական գնահատականը պետք է լինի անդառնալի. դրանք մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են, որոնք չունեն վաղեմության ժամկետ։ 1991 թվականի այս դասերն արդիական են նաև այսօր, քանի որ միջազգային հանրության այնժամանակյա լռությունն ու անպատժելիության նախադեպը ճանապարհ հարթեցին Ադրբեջանի հետագա ագրեսիաների համար՝ վկայելով, որ առանց անցյալի հանցագործությունների իրավական ճանաչման հնարավոր չէ կառուցել կայուն և արդար տարածաշրջանային ապագա։
Այս առումով, 1991 թվականի և 2023 թվականի պատմական ողբերգությունների միջև առկա է բացահայտ պատճառահետևանքային կապ, որի հիմքում ընկած է հենց անպատժելիության սինդրոմը։ 1991-ին իրականացված պետական ահաբեկչությունն ու էթնիկ զտումները այդպես էլ չարժանացան պատշաճ միջազգային արձագանքի, ինչը կանաչ լույս վառեց Բաքվի հաջորդող ռազմական նկրտումների համար։ Սրա հետևանքով 32 տարի անց նույնությամբ կրկնվեց միևնույն մեթոդաբանությունը. այն սցենարը, որն Ադրբեջանը փորձարկեց «Օղակ» գործողության ընթացքում՝ ներառելով բնակավայրերի լիակատար շրջափակումը, հումանիտար ճնշումը, հոգեբանական տեռորը, ավելի մեծ ծավալով արտապատկերվեց 2022-2023 թվականներին՝ Արցախի 10-ամսյա շրջափակման, Բերձորի միջանցքի արգելափակման և 2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի ժամանակ։
Արձանագրված փաստերը վերահաստատում են Ադրբեջանի որդեգրած ռազմավարական նպատակների նույնականությունը, այն է՝ հայության նկատմամբ ցեղասպանական քաղաքականության հետևողական իրագործումը: Եթե 1991 թվականին «Օղակ» գործողությունը Արցախի լայնածավալ էթնիկ զտման մեկնարկային փուլն էր, ապա 2023 թվականին Ադրբեջանի պետական քաղաքականությամբ ավարտին հասցվեց այդ ցեղասպանական ծրագիրը՝ բնօրրանից բռնի տեղահանելով բնիկ հայ ժողովրդին և ամբողջապես հայաթափելով Արցախը: Ուստի, պատմագիտական լիակատար հիմքերով կարող ենք պնդել, որ «Օղակ» գործողությունն Արցախի ամբողջական բռնազավթման և հայաթափման փորձնական տարբերակն էր՝ յուրօրինակ մի մեթոդաբանական լաբորատորիա, որտեղ մշակված և փորձարկված գործիքակազմը, միջազգային հանրության անտարբերության պայմաններում, Ադրբեջանի կողմից հաջողությամբ և ամբողջ ծավալով կիրառվեց 2023 թվականին։
Մարի Հովհաննիսյան
