Ազգի երազանքը և պատմական հիշողությունը. գոյության հրամայականը
05 Հուլիս 2026
Ազգերը գոյատևում են ոչ միայն իրենց տարածքով, բանակով կամ տնտեսությամբ, այլև, առաջին հերթին, իրենց հիշողությամբ և երազանքով։
Երբ ժողովուրդը կորցնում է իր պատմական հիշողությունը, նա սկսում է մոռանալ, թե ով է ինքը, որտեղից է գալիս, իսկ երբ նրան զրկում են երազանքից, նա դադարում է պատկերացնել, թե ուր պիտի գնա։
Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած վտանգը միայն տարածքային կորուստները, անվտանգային սպառնալիքները կամ էլ քաղաքական մարտահրավերները չեն։ Ավելի խորը և երկարաժամկետ վտանգ է ազգային դիմագծի խեղումը, ազգի ինքնության, պատմական հիշողության թուլացումը և ազգային երազանքի վերացումը։ Եթե ժողովրդի գիտակցության մեջ սերմանվում է այն միտքը, որ նրա հազարամյա պատմությունը երկրորդական է, որ նրա պատմական հայրենիքը պարզապես անցյալի էջ է, իսկ ազգային նպատակներն ու ձգտումները վտանգավոր կամ ավելորդ են, ապա հարված է հասցվում հենց ազգի գոյության հիմքերին։ Սա իր հերթին բերելու է ապագայի հանդեպ հավատի թուլացման՝ դարձնելով հասարակությանը հեշտ կառավարելի անդեմ գոյազանգված։
Պատմական հիշողությունը պարզապես անցյալի մասին գիտելիք չէ։ Այն ժողովրդի ինքնաճանաչումն է։ Երբ հայը խոսում է Հայաստանի մասին, նա նկատի չունի միայն ներկայիս պետական սահմանները, այլ նաև հազարամյակների ընթացքում ձևավորված քաղաքակրթական տարածքը, մտքով գնում է Հայկական լեռնաշխարհ, Մեծ Հայք, որտեղ ստեղծվել են հայկական պետականություններ, մշակույթ և հոգևոր արժեքներ։ Երբ հայը խոսում է Արարատի մասին, նա չի հիշում սոսկ, այն, ինչը հիմա Թուրքիայի տարածքում է, այլև այն, որ հայի հպարտության ու փառքի և Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից մեկն է։ Երբ հայն ասում է Արցախ, մտքով գնում է Մեծ Հայքի Արցախ աշխարհ ու վերարժևորում է իր հայրենիքը, իր երբեմնի ունեցածն ու իր պատմականին ու իրավականին տեր լինելու միտքն ու հոգեբանությունն արթնանում են նրա մեջ։ Նույնը Սևանի մասին՝ նա չի հիշում միայն ներկայիս լիճը, այլ նաև Գեղամա ծովը, և այսպես շարունակ, այսինքն՝ դարերի ընթացքում ձևավորված մշակույթը, պատմությունը և ավանդույթները։
Իսկ հիմա մեր երկրում պետական մակարդակով վարվում է քաղաքականություն՝ փոխելու հայի հայեցի, հայկական մտածելակերպը, ինչը ոչ թե պարզապես վտանգավոր է, այլ աղետաբեր, քանի որ նման մոտեցումը փորձ է կտրելու ազգին իր պատմական խորքից և սահմանափակել նրա ինքնությունը միայն ներկայի նեղ շրջանակներում։ Ազգը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, աստիճանաբար թուլացնում է նաև իր մշակութային, հոգևոր և ազգային դիմադրողականությունը։ Պատմությունը, լեզուն, մշակույթը և ազգային արժեքները պարզապես անցյալի հիշողություններ չեն, այլ այն հիմքերն են, որոնց վրա կառուցվում է ժողովրդի ներկան ու ապագան։ Երբ հասարակությանը ներկայացվում է, թե ազգային ինքնագիտակցությունը պետք է զիջի տեղը պատմական արմատներից զերծ աշխարհայացքին, վտանգվում է ոչ միայն մշակութային ժառանգությունը, այլև սերունդների կապը սեփական ինքնության հետ։ Ուստի ազգային մտածողության պահպանումը չի նշանակում ապրել անցյալով, այլ նշանակում է հենվել սեփական արմատների վրա՝ վստահությամբ կառուցելու համար ապագան։ Ազգը, որը հրաժարվում է իր անցյալից, դժվար թե կարողանա վստահորեն կառուցել իր ապագան։
Հայ ժողովրդի համար իր այդ պատմական հիշողության կարևոր բաղադրիչ է հենց Արցախը։ Անկախ քաղաքական իրադարձություններից՝ Արցախը հայ ժողովրդի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության մասն է։ Կորուստը կարող է ցավ պատճառել և ստիպել վերանայելու անցյալը, բայց չի կարող վերածվել ուրացման։ Ժողովուրդը կարող է կորցնել տարածք, սակայն չի կարող կորցնել հիշողություն, եթե չի հրաժարվում իր ինքնությունից։ Բայց այսօր՝ Արցախի կորստից հետո, մեզ՝ հայերիս պարտադրվում է ոչ միայն համակերպվել փաստի հետ, այլ նաև վերանայել սեփական հիշողությունը, ուրանալ՝ բղավելով՝ ինչո՞վ է Արցախը մերը եղել։ Մեկ բան է կորուստը, մեկ այլ բան՝ ուրացումը։ Ժողովուրդը կարող է կրել ծանր պարտություն, կարող է ժամանակավորապես կորցնել իր պատմական տարածքների նկատմամբ վերահսկողությունը, սակայն եթե սկսում է ժխտել սեփական պատմական ներկայությունը, սեփական մշակութային հետքը կամ սեփական հիշողությունը, ապա վտանգվում է ոչ միայն տարածքը, այլև ինքնությունը, հետոյի պահանջատիրական իրավունքը և գոյությունը։
Իսկ ներկայիս հակահայ իշխանությունը հենց ուրացում է սերմանում հայի մեջ, ուրացում իր արմատներից՝ ինչն անում է սպառնալիքով և հասարակության մեջ ազգային հարցերի շուրջ վախի մթնոլորտ ձևավորելով։ Երբ փորձ է արվում փակել Արցախի թեման կամ այն ներկայացնել որպես արգելված քննարկման առարկա, ժողովուրդը ոչ միայն աստիճանաբար հեռացվում է իր պատմական հիշողությունից և ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկից, այլև ազգային երազանք փայփայելուց, որը փոխանցվում է սերնդեսերունդ՝ որպես հիշողության, հույսի և ինքնության մի մաս՝ ապագայում հասնելու համար պատմական արդարության վերականգնմանը։
Պատմության մեջ բազմաթիվ են ժողովուրդները, որոնք պահպանել են իրենց ազգային նպատակները և երազանքը՝ նույնիսկ ամենադժվար պայմաններում։ Եվ այսօր աշխարհում տարբեր պետություններ գիտակցաբար ձևավորում են իրենց ազգային գաղափարախոսությունները և երկարաժամկետ նպատակները՝ դրանք փոխանցելով հասարակությանը, որպես միասնական ուղղություն։ Ազգային երազանքն այնտեղ դիտվում է ոչ թե որպես վերացարկված գաղափար, այլ որպես պետական – քաղաքական ռազմավարության հիմք։ Այդ գաղափարի իրագործման մեջ իրենց ուրույն տեղն ունեն կրթությունը, գիտությունը, մշակույթը, և այս ոլորտներում ներդրված հստակ ռազմավարության միջոցով հաջորդ սերունդներին է փոխանցվում սեփական տեսլականը։ Այդպես է վարվում Չինաստանը, որը մինչ օրս փայփայում է երազանք՝ ստեղծելու Մեծ Չինաստան՝ ինտեգրելով Թայվանը։ Թուրքիան ունի իր երազանքը՝ ստեղծելու Մեծ Թուրանը։ Ադրբեջանն ունի իր երազանքը՝ ստեղծելու Արևմտյան Ադրբեջան, որի իրագործմանը դեռ վաղուց տարվող գաղափարական գործընթացներն այսօր արդեն բացահայտ զարգանում և դրսևորվում են՝ պատմական նարատիվն ու երազանքը վերածելով քաղաքական նպատակադրումների և դրանցից բխող տեսանելի քայլերի։
Ադրբեջանի պետական և ակադեմիական շրջանակներում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը ներկայացվում է որպես պետական օրակարգի բաղադրիչ, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ ներկայացվում են որպես «պատմական հայրենիք»։ Այդ մոտեցումն ուղեկցվում է գիտաժողովներով, հրապարակումներով և կրթական ծրագրերով, մի ողջ սերնդի պատրաստում են այդ մտածելակերպով և հոգեբանությամբ , շեշտում, որ կրթության և գիտության այսօրվա հիմնական ուղղություններից մեկը հենց Արևմտյան Ադրբեջան թեման է։ Պետական մակարդակով հայտարարվում է, որ Արևմտյան Ադրբեջանի հարցն իրենց ազգային օրակարգի կարևոր ուղղություններից մեկն է, և Ադրբեջանը շարունակելու է իր ազգային շահից բխող այդ քաղաքականությունը։
Ի հակադրումն Ադրբեջանի բացահայտ զավթողական այդ ազգային քաղաքականության՝ մեր երկրում պետական մակարդակով որդեգրված է կեղծ ու պատրանքային խաղաղության օրակարգ, ոչ մի պարագայում հակամարտության չգնալու քաղաքականությունը։ Ընդհուպ երբ անգամ ավերվում են հայկական պատմամշակութային ժառանգությունները Արցախում՝ հիմնավորելով, թե Ադրբեջանի սուվերեն տարածքն է, ինչ կուզի, այն էլ կանի, (երբ դրա իրավունքը պարզապես չունի) նույնպես արդարացվում է մերօրյա հակահայ իշխանությունների կողմից։ Եվ ստրուկի այս պատվազուրկ կարգավիճակն ու հոգեբանությունն էլ երևի վերջինների պատկերացմամբ մեր ազգային շահն է, իսկ ցանկացած սեփական ազգային հարցի և իրավունքի արծարծում դիտվում է որպես սպառնալիք այդ կեղծ խաղաղությանը։
Բայց խաղաղությունը միակողմանի զիջումների գործընթաց չէ, այլ կողմերի՝ փոխադարձ վստահության և հարգանքի դրսևորում՝ միմյանց պետականության, ինքնիշխանության, ազգային ինքնության և պատմական հիշողության հարցերում։ Ուստի այսօր ստեղծված իրավիճակը խաղաղություն կոչելը ոչ թե միամտություն է, այլ ուղիղ սպառնալիք մեր ազգային գոյությանը։ Եվ այսօր ոչ միայն այս վտանգավոր խաղաղությունն են փորձում փաթաթել մեր վզին, այլև արգելում են մեզ՝ որպես ազգի, հիշել ու երազել, և հենց մեր այդ ազգային երազանքը դիտում են սպառնալիք, բայց որը մեր գոյության հիմքն է։
Այդպես չեն վարվում, սակայն, ազգերը, որոնք ունեն երազանք։ Վերը նշեցինք չինացիների օրինակը, որոնք մեկ Մեծ Չինաստան ունենալու համար իրենց հասարակությանն ու սերունդներին դաստիարակում են այդ գաղափարախոսությամբ։ Թուրքիան, Մեծ Թուրանը՝ իր վաղեմի երազանքը իրագործելու համար տարիներ շարունակ իր սերունդներին և հասարակությանը պատրաստում է այդ գաղափարախոսությամբ, վերահսկում բոլոր դասագրքերի բովանդակությունը, հատկապես պատմության վերաբերյալ ունի հստակ մշակած կրթական ռազմավարություն։
Նույն կերպ է վարվում Ադրբեջանը՝ իր երազած Արևմտյան կամ Պատմական Ադրբեջան երազանքի համար և այդ «պատմական» բառն այնքան է շեշտում, որ այն արտառոց է հնչում նորածիլ և արհեստածին մի պետության համար։ Իսկ մենք, որ մեր անունով կոչվող Հայկական լեռնաշխարհի բնիկներն ենք ու հազարավոր տարիների պատմություն ունենք, ոչ միայն չունենք մեր երազանքը, այլև զրկվում ենք այն ունենալու իրավունքից, որովհետև մեր երկրում մեկը պետական մակարդակով մատ է թափ տալիս ասելով՝ Ղարաբաղի հարցը փակված է, այդ հարցը բարձրացնողն ինձ հետ գործ կունենա։ Այսինքն՝ հայ, մտքիդ ծայրով անգամ չանցկացնես, որ դու կարող ես երազանք ունենալ։
Ու մենք, թերևս ոչ միայն երազանք չունենք, այլև հավաքականորեն գաղափարախոսություն էլ չունենք։ Մենք ունենք մեր սերունդներին կրթելու, զիջելու, տալու, փոխանցելու գաղափարախոսություն, որի անունն է Խաղաղություն։ Որովհետև այն ամենը, ինչ-որ հայրենասիրական ու ազգային է, կոչվում է ուռա-հայրենասիրություն հենց կրթության նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից։ Ու մեզ մնում է երևի Հայաստանի դպրոցներում վերջերս մեծ տարածում գտած «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես» կոչ-ուղենիշը, թերևս որպես մեր գաղափարախոսության կարևոր հիմնասյուն։ Այսօր այդ գաղափարախոսությամբ կրթում են սերունդներին։ Նախկինում քարոզվում էր լավ սովորել, դառնալու համար պիտանի ու լավ մարդ-քաղաքացի առաջին հերթին երկրի համար, ներդրում ունենալ քո պետության ու հայրենիքի զարգացման գործում, հետո արդեն ավելի մեծ նպատակներ ու գաղափարներ ունենալ՝ մարդկության, աշխարհի հետ կապված։
Այսօր դա չէ մեր երկրի կրթական ոլորտի գաղափարախոսությունը, որդեգրվել է նոր ռազմավարություն՝ ստամոքսի մակարդակի իջեցված «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»-ը, որում կարևորվում է միայն ազգային ինքնությունն անտեսող անդեմ անհատի ես-ը, նրա լավ ապրելը, և ամեն բան ծառայեցվում ու տարվում է այդ ես-ի՝ որպես սպառողի ցանկությունների գոհացմանը, բնավ կարևոր չէ, թե որտեղ կապրես, քո ապրած տեղը Հայաստան կկոչվի,թե Արևմտյան Ադրբեջան, կամ էլ ինչ կարևոր է դու հայ կկոչվես, թե՞ ոչ։ Կարևորը լավ ապրելն է։ Այս պարագայում ավելորդ է խոսել ազգային երազանքից, ազգային նպատակներից, սերունդ աճեցնել այդ մտածողությամբ և հոգեբանությամբ։
Մենք մեր սերունդներին դաստիարակում ենք զիջելու, հանձնելու, համակերպվելու պարտվողական հոգեբանությամբ, սերմանելով վախ ու հարմարվողականություն, ինչը հասարակությանը դիմադրողականությունից զրկելու և կառավարելի դարձնելու միջոց է։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ վախի վրա կառուցված հասարակությունները երկար ժամանակ չեն պահպանում իրենց ինքնությունը։
Գարեգին Նժդեհը գրել է. «Այն օրը, երբ հայը կվախենա մահից, օտարը կթագավորի մեր հայրենիքում»։ Այս խոսքերը վերաբերում են ոչ միայն ռազմական իրավիճակին, այլ նաև ազգային կամքին, ինքնավստահությանը և պատասխանատվությանը։ Եթե մենք չունենք մեր երազանքը, փոխարենը մեր երկրում ունենք թշնամու երազանքը իրագործողներ, որոնք կրթության ոլորտում կոչվում են առարկայական նոր չափորոշիչներով դասագրքերը ձևողներ և կարկատողներ, իսկ իշխանական ոլորտում դա արդեն մի ողջ քաղաքացիական կուսակցություն է, օրնիբուն լծված նրան, որ հայն ուրանա իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը։ Թերևս դա է միակ ճանապարհը խոչընդոտելու, որ հայը երազանք ունենա, շեղվի միակ ուղուց, որով գնալով հայը կմնա ազգային ուրույն ինքնություն ունեցող էթնիկ միավոր, դադարի պահանջատերը լինելուց այն ամենի հարցում ինչն իրենն է։
Եվ մենք, որ Հայկական կոչվող լեռնաշխարհի հազարամյա տերերն ենք, մերը սուսուփուս տալիս ենք, երկրի ղեկավարի մակարդակով հայտարարում, թե չգիտենք, թե որն է զիջելու կարմիր գիծը՝ պատճառաբանելով՝ թույլ ենք, հնար չունենք, խաղաղություն ենք ուզում, վերածվելով Չարենցի ասած «անուղի ու անդեմ ժողովրդի» («Պատմության քառուղիներով»)։
Բայց մենք ո՛չ թույլ ենք, ո՛չ անուղի և ո՛չ էլ անդեմ։ Մենք պարզապես պիտի գիտակցենք, որ հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, և այդ պատմությունը մեզ ոչ միայն հուշեր ու դասեր է տալիս, այլև իրավունք և,ամենակարևորը, պարտավորություն սերունդների առջև։ Մենք ժառանգություն պիտի թողնենք սերունդներին, մենք պատասխանատու ենք նրանց առջև։
Ազգին կարելի է զրկել տարածքից, բայց եթե նա պահպանում է իր հիշողությունն ու երազանքը, նա շարունակում է ապրել։ Իսկ եթե նրան զրկում են հիշողությունից և երազանքից, ապա, անգամ սեփական բնօրրանում առհավետ խաթարվում է նրա գոյությունը։
Ուստի այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է պահպանել պատմական հիշողությունը, ամրացնել ազգային ինքնությունը և ձևավորել ապագայի այնպիսի երազանք, որը կծառայի ոչ միայն ներկային, այլև գալիք սերունդներին։ Դա քաղաքական ընտրություն չէ․ դա գոյության հրամայականն է։
Անժելա Հարությունյան
«Դրօշակ» թիվ 6 2026թ.
