Արսեն Համբարձումյանի խոսքը՝ նվիրված Ռուբեն Հովսեփյանի 80-ամյակին
17 Հոկտեմբեր 2019 Հոկտեմբերի 16-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, ազգային, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի 80-ամյակին նվիրված հուշ-երեկո:Միջոցառումը կազմակերպել էր Համազգային կրթամշակութային միության Երեւանի գրասենյակը:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի խոսքը.
«Հարգելի ներկաներ, հոբելյանական երեկոյի սիրելի մասնակիցներ
Այսօր այստեղ ենք հավաքվել մեր հարգանքն ու խոնարհումը բերելու եւ արժանին մատուցելու Ռուբեն Հովսեփյանին ու նշելու նրա 80-ամյա հոբելյանը։
Հոբելյանական այս երեկոյի անցկացման վայրը ինքնին խորհրդանշական է՝ որովհետեւ Ռուբեն Հովսեփյանը մշակույթի մարդ էր, բառի բուն իմաստով մտավորական։ Գրող, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ, քաղաքական գործիչ, բայց նախեւառաջ՝ մտավորական, ով իր մեջ խտացնում էր հայ մարդու ազգային, բարոյական ու գեղագիտական արժեքները։
Մասնագիտությամբ երկրաբան, բայց նաեւ ու շատ ավելի «մարդաբան» էր, մարդկանց տեսնելու, զգալու, հասկանալու զարմանալի հատկություն ուներ։ Եվ պատահական չէ, որ իր ստեղծագործությունների առանցքում հենց մարդն է՝ իր աշխարհընկալմամբ ու իր կենցաղով։
Զուսպ էր խոսքի մեջ, որովհետեւ գիտեր խոսքի արժեքը ու երբեք չէր փորձում կարծիք ու տեսակետ պարտադրել։ Համեստ էր, խուսափում էր լինել ուշադրության կենտրոնում, նախընտրում էր գործը ու չէր սիրում տարփողել այդ մասին։ Խորությամբ զգում էր իրականության տագնապները, ինքնամփոփ էր, բայց մտերմիկ շրջապատում՝ աշխույժ զրուցակից։
Խորապես ազգային էր՝ մինչեւ վերջին նյարդը, բայց զերծ ազգային սնապարծությունից, համամարդկային արժեքների ճշմարիտ գնահատող։ Տոլստոյ, Չեխով, Մարկես թարգմանելու համար երեւի թե մի քիչ այդ տեսակը պետք է լինել, այդ մտածողությունն ու աշխարհընկալումն ունենալ։ Ու առանց չափազանցության Ռուբեն Հովսեփյանն այդպիսին էր։
Կրտսեր ընկերոջ իրավունքով չեմ կարող չանդրադառնալ Ռուբեն Հովսեփյան քաղաքական գործչին՝ ընկեր Ռուբենին։ Հարցազրույցներից մեկում անդրադառնալով Դաշնակցությանն անդամակցելու հարցին՝ Ռուբեն Հովսեփյանն իրեն բնորոշ ուղղամտությամբ ասել է. «որովհետեւ ազգայինի կուտակումներ էին առաջանում շատերիս մեջ, և երբ Դաշնակցությունը պիտի վերաբացվեր Հայաստանում, և եթե ես մի տեղ պիտի լինեի, ապա միայն այնտեղ պիտի լինեի»։ Հիրավի, Ռուբեն Հովսեփյանի պարագայում այլ ընտրություն հնարավոր չէր պատկերացնել։
Եվ հատկանշական է, որ Հայաստանում Դաշնակցության վերընձյուղման գործում նրան կարեւոր դերակատարություն էր վերապահված, որովհետեւ Ռուբեն Հովսեփյան տեսակի պահանջ կար։
Հակառակ այն իրողության, որ Ռուբեն Հովսեփյանը երկար տարիներ եղել է Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ՝ չի դարձել կուսակցական ֆունկցիոներ, այլ իր մտավորական տեսակով, լայնախոհությամբ ու շրջահայեցությամբ նոր հորիզոններ է բացել Դաշնակցության մտածողության մեջ։ Ինչպես մյուս ասպարեզներում, քաղաքականության մեջ եւս Ռուբեն Հովսեփյանն իր գործի, ընդհանուր գործի ազնվականն ու մշակն էր՝ սկզբունքային, ուղղամիտ, խոսքի մեջ ժլատ, գործի մեջ՝ շռայլ։ Անկախ ունեցած հանգամանքից ու զբաղեցրած դիրքից՝ միշտ հանձնառու ու պարկեշտ։
Այսպիսին է Ռուբեն Հովսեփյանը, ընկեր Ռուբենը իմ հիշողություններում՝ նկարագիր ունեցող, ինքնատիպ հայ մարդ, ով գիտեր, որ ամենից դժվարը հեքիաթն իրականություն դարձնելն է, բայց նաեւ գիտեր, որ դա իր կոչումն է, իր պայքարը, իր բաժին պատասխանատվությունը»։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյան
Երեւան, 16 հոկտեմբեր 2019թ.
