Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համար
05 Սեպտեմբեր 2026
Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք խոշոր խմբերի՝ Հայաստանի գործող իշխանությունների կողմնակիցների, գործող իշխանությունների ընդդիմադիրների և այն մարդկանց, որոնք թվով ավելի շատ են, քան առաջին երկու խմբերինը միասին վերցրած, սակայն չեն հետաքրքրվում ազգային հարցերով և պատրաստ չեն աշխատանք տանել հայրենիքի բարեկեցության համար։
Ես մարդկանց սոցիալական վարքագծի և/կամ նրանց քաղաքական դիրքորոշումների մասնագետ չեմ։ Սակայն վերջին 10 տարիների ընթացքում ժամանակիս մեծ մասը Հայաստանում անցկացնելով՝ տեսնում եմ շատ բաներ և լսում եմ, թե մարդիկ ինչ են խոսում։ Այս հոդվածում թվարկել եմ այնպիսի դեպքեր և երևույթներ, որոնց վերջին շրջանում անձամբ ականատես եմ եղել կամ որոնց մասին լսել եմ՝ նպատակ ունենալով ընդհանուր պատկերացում տալ ազգի հոգեվիճակի մասին։
Այս հոդվածը կարդալուց հետո ոմանք կարող են ասել, որ ես ընդդիմության անդամ եմ, և դրա համար եմ նման բաներ ասում։ Մյուսները կարող են մտածել, որ ես չեմ սիրում զվարճանալ և վայելել շքեղ կյանքը, իսկ ուրիշները կարող են ունենալ բոլորովին այլ կարծիքներ։ Իմ նպատակն է ներկայացնել տարբեր գործողություններ և իրադարձություններ՝ ցույց տալու ազգի վիճակն այնպես, ինչպես ես եմ այն տեսնում։ Այս ամենը կարդալուց հետո դուք կարող եք ինքներդ եզրակացություններ անել։
Կառավարությունը դատական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ, քանի որ նա, չնայած դատարանի որոշմանը, հրաժարվել է վերականգնել մի վարդապետի հոգևոր պաշտոնը, որին հեռացրել էր եկեղեցուց, երբ վերջինս կառավարության կողմն էր բռնել եկեղեցու դեմ։
Հայտարարվել էր, որ առաջին դատական նիստը տեղի է ունենալու ուրբաթ՝ կեսօրից հետո՝ Էջմիածնում։ Սպասվում էր, որ դատարանի շենքի առջև մեծ բազմություն կհավաքվի՝ Կաթողիկոսին աջակցելու համար, սակայն այնտեղ ընդամենը մոտ 2.000 մարդ էր ներկա։
Ես մեքենաս կայանել էի դատարանի հետևի կողմի մի փողոցում՝ խցանումներից խուսափելու համար։ Երբ հեռանում էի, մի բնակիչ, որը կանգնած էր իր տան դռան շեմին, հարցրեց ինձ, թե ինչ է տեղի ունենում։ Ես հարցրի՝ արդյոք նա լսե՞լ է լուրը, սակայն նա չէր լսել։
Ես պատմեցի նրան գործի մասին և հարցրի՝ արդյոք ինքն էլ կմիանա հավաքվածներին։ Նա ուսերը թոթվեց, և ակնհայտ էր, որ Կաթողիկոսին աջակցելու որևէ մտադրություն չուներ։
Հաջորդ երեկոյան Գառնիի տաճարում երաժշտական միջոցառում էր՝ լուսային շոուով։ Այնտեղ առնվազն երկու անգամ ավելի շատ մարդ կար, քան դատարանի առջև։ Մասնակիցները հիմնականում երիտասարդներ էին, որոնք վճարել էին 10.000-ից 20.000 դրամ ($28-ից $55)՝ կախված նրանից, թե երբ էին գնել տոմսերը, և Երևանից ավելի քան մեկ ժամ ճանապարհ էին անցել՝ միջոցառմանը մասնակցելու համար։ Բոլորը կարծես երջանիկ էին և վայելում էին բաց երկնքի տակ անցկացվող միջոցառումը՝ խմելով տեղում վաճառվող սուրճ կամ ալկոհոլային խմիչքներ։
Այս երկու միջոցառումների վերաբերյալ կարող եք ինքներդ եզրակացություններ անել և որոշել, թե մարդիկ ինչպիսի վերաբերմունք ունեն լավ ժամանակ անցկացնելու և եկեղեցուն աջակցելու հարցում։ Ես եկեղեցի կանոնավոր հաճախող կամ հավատացյալ մարդ չեմ, սակայն հարգում եմ Հայ Առաքելական Եկեղեցին, քանի որ այն շուրջ 1.000 տարի, երբ հայ ժողովուրդը պետականություն չուներ, փաստացիորեն կատարել է պետական կառավարման դեր։
Վերջին 12 ամիսների ընթացքում ես 16 անգամ թռել եմ Երևանից դուրս և վերադարձել Երևան։ Ամեն անգամ ինքնաթիռը լիքն էր, և հայերը մեկնում էին արտերկիր՝ հանգստանալու և զբոսաշրջության նպատակով կամ վերադառնում էին այդպիսի ուղևորությունից։
Հետաքրքիր է նաև, որ Ատլանտյան օվկիանոսը հատող թռիչքներում բիզնես և պրեմիում դասերի ուղևորների մեծամասնությունը հայեր են։
Դուբայի առևտրի կենտրոններում կարելի է տեսնել դիզայներական խանութների պայուսակներով հայերի, և եթե ցանկանում եք հայերի տեսնել, պետք է գնաք լավագույն ռեստորաններ կամ հյուրանոցներ, օրինակ՝ Աթլանտիս Րոյալ։ Ես Աթենքում էի և պատմական վայրերում կամ թանգարաններում հայի գրեթե չտեսա, սակայն նկատեցի հայերին Աթենքի Ռիվիերայի ռեստորաններում, որտեղ սեղաններն ամբողջությամբ ծածկված էին ուտելիքով, իսկ նրանք անընդհատ կենացներ էին խմում։
Շարմ էլ Շեյխում ես նստած էի լողավազանի մոտ գտնվող բարում և պատահաբար օգնեցի մի երիտասարդ հայ տղայի խմիչք պատվիրել։
Այնուհետև սկսեցինք զրուցել, և ես հարցրի՝ արդյոք նա արձակուրդի՞ էր եկել։ Նա ասաց, որ երկու շաբաթով այնտեղ է՝ մեղրամիսն անցկացնելու համար։ Նշեմ, որ սա ծովափին գտնվող հինգաստղանի հյուրանոց էր՝ նախատեսված միայն մեծահասակների համար։ Այդ հյուրանոցում նաև այլ հայեր կային։ Պետք է նշել, որ ամեն առավոտ Երևանից Շարմ էլ Շեյխ չորս չվերթ կա։
Կարելի է եզրակացնել, որ բնակչության բավական մեծ հատվածը փող ունի և վայելում է լավ կյանքը։ Նման մարդկանցից չպետք է ակնկալել, որ ակտիվորեն ընդդիմանալու են ներկայիս իշխանություններին, քանի որ նրանք չեն ցանկանում վտանգել իրենց հարմարավետ կյանքը։
Վերջերս կեսօրից հետո հանդիպեցի Արմավիրի մարզից մի ընկերոջ, որն ակնհայտորեն վրդովված էր։ Հարցրի, թե ինչու է նեղված, և նա պատմեց, որ իրենց գյուղում վիճաբանել էր մի խումբ գյուղացիների հետ, որոնք ասում էին, որ Թուրքիայի հետ սահմանը բացելը լավ կլինի իրենց համար, քանի որ այդ դեպքում կարող են իրենց լոլիկն ու վարունգը վաճառել թուրքերին և հարստանալ։ Նա փորձել էր բացատրել նրանց, որ Թուրքիան աշխարհում լոլիկի խոշորագույն արտադրողն է, և թուրքերին մեր լոլիկները պետք չեն լինի, սակայն, ըստ նրա, դա այդ մարդկանց գլուխները չէր մտնում։ Պետք է այս գյուղացիներին հարցնել, թե ինչու այս բոլոր տարիների ընթացքում նրանք իրենց լոլիկը չեն վաճառել Իրանին, որի հետ սահմանը բաց է։ Ի՞նչ կատեգորիայի մեջ պետք է դասենք այս միամիտ գյուղացիներին։
Մեքենայիս համար նոր անվադողեր էին անհրաժեշտ, ուստի գնացի մի խանութ, որը Հայաստանում հայտնի անվադողերի ապրանքանիշներից մեկի ներկայացուցիչն է և ուր գնալ ընկերներիցս մեկն էր խորհուրդ տվել։ Մինչ սպասում էի, որ անվադողերը տեղադրեն, սկսեցի զրուցել խանութի սեփականատիրոջ հետ։ Երբ նա իմացավ, որ ես Լոս Անջելեսից եմ, ասաց, որ իր ընտանիքը բնակվում է Գլենդելում, և ինքը պարբերաբար այցելում է նրան, քանի որ ունի գրին քարտ։
Նա նաև իշխանությունների հաստատակամ կողմնակից էր և ինձ ասում էր, որ այժմ Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ է։ Ես հարցրի նրան՝ եթե նա աջակցում է իշխանություններին և կարծում է, որ ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է իր ընտանիքը Միացյալ Նահանգներում։ Նա պատասխանեց, որ իր դուստրը UCLA-ում բժշկական կրթություն է ստանում, իսկ տղան հաջորդ տարի պետք է սկսի ԱՄՆ քոլեջ-ում սկսի ուսումնառությունը։ Նրա ձայնի տոնից ակնհայտ էր, որ նա մտածում էր՝ «ինչպե՞ս եմ ես համարձակվում կասկածի տակ դնել իր կյանքի ընտրությունները»։ Սա արդյոք հակասություն չէ՞։ Նա աջակցում է իշխանություններին և կարծում է, որ նրանք հիանալի աշխատանք են կատարում, սակայն, ըստ երևույթին, դա բավարար լավ չէ իր ընտանիքի համար։
1990 թվականի օգոստոսի 8-ին ՀՅԴ-ն հայտարարեց, որ իր կազմակերպական կառույցը վերադարձել է Հայաստան։ Այդ հայտարարությունը տեղի ունեցավ խորհրդարանում, իսկ հետո այդ մասին հայտարարվեց նաև Օպերայի շենքի լեփ-լեցուն դահլիճում։ Միաժամանակ հազարավոր մարդիկ կանգնած էին շենքին կից հրապարակում։ Անցնենք 36 տարի առաջ և հասնենք 2026 թվականի օգոստոսի 8-ին՝ շաբաթ օրվա, ժամը 13։00-ին։ Այդ օրը հայտարարվել էր հավաք Եռաբլուրում՝ այդ օրվա տարեդարձը նշելու և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հարգելու համար։ Ներկա էր ընդամենը 64 մարդ։ Դե ինչ, արդյո՞ք պետք է մտահոգվենք և վրդովվենք։ Գուցե ոչ։ Ի վերջո, ՀՅԴ անդամներն էլ նույն ժողովրդի մի մասն են, որը հիմա նախընտրում է զվարճանալ, խմել և ուտել շքեղ վայրերում։
Բացի Երևանի շքեղ ռեստորաններից, բարերից և ակումբներից, այժմ Հայաստանի մյուս հատվածներում նույնպես բազմաթիվ շքեղ վայրեր կան, ուր մարդիկ գնում են լավ ժամանակ անցկացնելու։ Այն երեկո, Գառնիի տաճարից վերադառնալիս, տեսա Գառնիի մոտ մի քանի նոր բացօթյա ռեստորաններ, որոնք լիքն էին մարդկանցով և որտեղ կենդանի երաժշտություն էր հնչում։ Այնուհետև Երևան վերադառնալու ճանապարհին անցանք Ջրվեժով, որտեղ ծանր երթևեկություն էր, քանի որ մի քանի շքեղ սրահներում խնջույքներ կամ հարսանիքներ էին։ Ըստ երևույթին, հենց դա է այն, ինչ մարդիկ ցանկանում են այս օրերին։
Երևանում ամառային երեկոները հաճելի և տաք են, ուստի կարելի է տեսնել բազմաթիվ բացօթյա հավաքներ և միջոցառումներ։ Մի շաբաթ գինու փառատոն է, մյուս շաբաթը՝ գարեջրի փառատոն, իսկ հետո՝ անվճար համերգներ Հանրապետության հրապարակում։ Բոլոր նման միջոցառումներին հազարավոր մարդիկ են մասնակցում, և երբեմն նույնիսկ դժվար է տեղաշարժվել բազմության մեջ։ Այս տարի նաև համերգներ են անցկացվում Օպերայի շենքի տանիքում, որոնց տոմսերը սովորաբար արժեն 20,000 դրամ ($55)։ Եթե ցանկանում եք մասնակցել, պետք է տոմսը գնել հենց միջոցառման մասին հայտարարելուց հետո, հակառակ դեպքում այն արագ սպառվում է։
Մենք երկու օրով գնացինք Գյումրի։ Ուշ ճաշելուց հետո մեքենայով շարժվեցինք քաղաքի կենտրոն՝ հյուրանոց գնալու համար։
Ոստիկանությունը որոշ փողոցներ փակել էր, իսկ քաղաքի գլխավոր հրապարակի շրջակայքի փողոցներում խցանումներ էին։ Պարզեցի, որ այդ երեկո անվճար համերգ էր նախատեսված՝ «Երիտասարդության միջազգային օրվա» կապակցությամբ։ Բեմ էր տեղադրվել Աբովյան փողոցի վերջնամասում, որը միայն հետիոտների համար նախատեսված փողոց է։ Երբ այդ երեկո համերգը սկսվեց, ամբողջ փողոցը լեփ-լեցուն էր մարդկանցով։ Ես հիշեցի Սրբազան շարժման ժամանակ Գյումրու մշակույթի կենտրոնի դիմացի բաց տարածքում կազմակերպված հավաքը։ Այն ժամանակ կազմակերպիչները կարծում էին, որ բավական մեծ թվով քաղաքացիներ էին մասնակցել, սակայն անվճար համերգի բազմությունը շատ ավելի մեծ էր։ Հնարավոր է, որ Հայաստանի հաջորդ առաջնորդը լինի հանրահայտ սիրված երգիչ, որն իր հազարավոր աջակիցներից կակնկալի, որ քվեարկեն իր օգտին։ Կասկած չունեմ, որ մեծ թվով մարդիկ կքվեարկեն, քանի որ Հայաստանում ընտրողների մեծ մասին չի հետաքրքրում տվյալ անձի դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ կամ թեկնածուի քաղաքական ծրագիրը։ Նրանք քվեարկում են այն մարդու օգտին, որին պարզապես սիրում են կամ համակրում։ Մի կարծեք, թե այս միտքը ծիծաղելի է։ Վերջին ընտրություններից առաջ ես զրուցում էի մի կնոջ հետ, և նա ասաց, որ չի քվեարկելու Քոչարյանի օգտին՝ «Հայաստան» դաշինքի համար, քանի որ իրեն դուր չի գալիս նրա հարսը՝ Սիրուշոն, որը Հայաստանում հայտնի երգչուհի է։
Վերջերս զրուցում էի Սփյուռքի մի հին ծանոթի հետ, որն ինձ ասում էր, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը ծաղկում է։ Որպես դրա ապացույց նա նշում էր, որ ճանապարհները ասֆալտապատվել են, Երևանում շքեղ շենքեր են կառուցվել, մարդիկ լավ մեքենաներով են երթևեկում, իսկ Երևանի կենտրոնը նման է եվրոպական քաղաքի։ Ինչ-որ իմաստով նա ճիշտ է։ Սակայն պետք է ավելի խոր նայել՝ այսպես կոչված «ծաղկման» հետ կապված խնդիրները տեսնելու համար։ Անկախությունից հետո առաջին 28 տարիների ընթացքում Հայաստանը կուտակել էր 7 միլիարդ դոլարի արտաքին պարտք, իսկ դրան հաջորդած վերջին ութ տարիներին արտաքին պարտքն աճել է ևս 7 միլիարդ դոլարով։
Իհարկե, եթե այդքան մեծ գումար կարճ ժամանակում ներդնես Հայաստանի նման փոքր երկրի տնտեսության մեջ, արդյունքում «ծաղկման» նշաններ կլինեն։ Սակայն հարց է ծագում՝ ինչպե՞ս և ո՞վ է վերադարձնելու այդ բոլոր վարկերը։ Հայաստանի տնտեսությունն այնքան հզոր չի, որ կարողանա բավարար չափով դրամական միջոցներ ստեղծել 14 միլիարդ դոլարը վերադարձնելու համար։ Սա այն խնդիրներից է, որին մարդիկ բավարար ուշադրություն չեն դարձնում։ Նրանք ուրախանում են անմիջական արդյունքներով՝ առանց մտածելու ապագա հետևանքների մասին։
Կասկադը Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է և իմ սիրելի վայրերից՝ այնտեղ ճաշելու կամ ընթրելու համար։ Այժմ, ամառային երեկոներին քաղաքապետարանն այնտեղ հաճախ միջոցառումներ է կազմակերպում, օրինակ՝ անվճար համերգներ, որոնց ժամանակ բեմ են տեղադրում Կասկադի ստորոտում, կամ պարային միջոցառումներ, որոնց ընթացքում մարդիկ Կասկադի ստորոտում շուրջպար են պարում։ Հատկապես անվճար համերգների ժամանակ Կասկադի աստիճաններին նույնիսկ կանգնելու տեղ գտնելն է դժվար։
Կողքից նայող մարդը կարող է այնպիսի տպավորություն ստանալ, որ Հայաստանում ամեն ինչ հիանալի է ընթանում։ Սակայն եթե գնաք Երևանից հեռու գտնվող գյուղեր, կտեսնեք աղքատություն, կեղտոտ ու չասֆալտապատված ճանապարհներ և միջակ բնակարանային պայմաններ։
Ժամանակ առ ժամանակ լավ է զվարճանալ, բայց ճիշտ չէ ամբողջ զվարճանքը կենտրոնացնել Երևանի կենտրոնում՝ անտեսելով գյուղերը։ Ես ներկայացրի մի քանի մտքեր և իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ միմյանց հետ կապ չունեցող պատահական դեպքեր։ Սակայն կարծում եմ, որ դրանց միջև որոշակի օրինաչափություն է նկատվում, որը ցույց է տալիս, թե ինչպես է Հայաստանի բնակչության մեծ մասը մտածում կամ գործում։
Այս ամենի հիման վրա յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն եզրակացնել՝ Հայ ազգի հետ ինչ-որ բան «վատ» է՞, թե՞ ամեն ինչ «լավ» է։ Դուք եղեք որոշողը։
Արեգ Ղարաբեգյան
