ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակությանը

05 Սեպտեմբեր 2026

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ մարդու, որն անտարբեր անցնի այս խնդրի կողքով:

Չեք գտնի գոնե մի երևելի հայ մտավորականի՝ գրող, բանաստեղծ, փիլիսոփա, գաղափարաբան, նկարիչ ու դերասան, պետական, քաղաքական ու հասարակական գործիչ, որոնք ցավագնորեն չփնտրեն այս հարցերի պատասխանները; Ի դեպ, այդպես է նաև մյուս ազգերի դեպքում, նրանք ևս մեծ եռանդով փնտրել ու փնտրում են իրենց ինքնության եզրերը, իրենց նկարագրի ուժեղ և խոցելի կողմերը: Սակայն մեծագույն ճշմարտությունն այն է, որ անհնար է լիակատար ու համոզիչ բացատրություն գտնել այն հարցին, թե հատկապես ինչպիսին է տվյալ հասարակությունը: Այլ կերպ ասած՝ դեռ կարելի է զգալի վերապահումներով բնութագրել տվյալ էթնոտեսակը, բայց անկարելի է հասկանալ հասարակության սոցիալ հոգեբանական ամբողջական նկարագիրը, նրա մղումները, վախերն ու ներսում կուտակված արատները:

Տարբեր առիթներով մեջբերել ենք մեր մեծերից շատերի՝ Րաֆֆու, Թումանյանի, Նժդեհի, Հայկ Ասատրյանի և ուրիշների՝ հային տրված բնութագրումներից։ Չենք անտեսել ռուսական, եվրոպական և ամերիկյան էթնոհոգեբանների՝ Բենեդիկտի, Լասուելայի, Նիկոլայ Բերդյաևի, Լուրիեի, և այլոց ուշագրավ մտքերից մի քանիսը՝ ազգերի նկարագրի մասին: Եվ այդուհանդերձ, չենք կարող ասել, թե հանդիպել ենք սպառիչ, բավարարող մեկնությունների:

Եզրակացությունը պարզ է՝ եզակի հայցաքը կամ մասը չի կարող ընդգրկել ամբողջը: Հիմնականում, շատ բան խաղաղ ու անճգնաժամ պայմաններում տեսանելի չէ: Այս հարցերում խեղճանում են նաև սոցիոլոգները և քաղաքական մեկնաբանները: Օրինակ, մեր քաղաքագիտական հանրույթը սոցիոլոգների հետ միասին դեռ երեկ պրկել էր իր միտքը և ուզում էր հասկանալ, թե ինչպես Արցախի գլխին փորձանքներ բերած, դիվանագիտությունը տապալած, հայությանը հիմնահատակ պառակտած մարդը 2021 թվականին այդքան ձայն հավաքեց խորհրդարանի ընտրություններում: Այլ ձևերի մեջ, նույնիսկ առավել վատ եղանակներով նույնը կրկնվեց նաև վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ:

Ինչպիսի քաղաքական բացատրություններ տրվեն ընտրակեղծարարությանը և իշխանության ապօրինի գործողություններին, միևնույն է, փաստ է, որ նույն անձնավորությունը շարունակում է հաջողել, մնալու անպատիժ: Այս պահին մի կողմ թողնենք նաև այն, որ գործընթացներում շատ լուրջ դերակատարում ունեցան մեզ համար անտեսանելի թուրքարևմտյան և սորոսական ազդեցության կառույցները, կապիտալը: Բայց և տեսանելի իրողություն է հասարակության մի շերտի գրեթե հրեշավոր համակրանքը երկիրը դեպի լիակատար քայքայման տանող մարդկանց հանդեպ: Ըստ սոցիոլոգների՝ հասարակությունը եռաշերտ երևույթ է:

Առաջին շերտը բարձրակարգ, կարգին մարդկանց խումբն է, որը թվով փոքր է: Մարդկանց այս տեսակը գիտի, թե ինչ է հայրենիքը, պետությունը, ազգային ընդհանրական շահը: Առանց ճոռոմախոսության նա իր տեղում անում է իր գործը, եթե տրտնջում է, ապա ուզում է, որ ավելի լավ լինի: Նա ապրում է պարկեշտ մարդուն վայել կյանքով, անհատականություն է և չի հանդուրժում, երբ բռնանում են իր կամքի վրա: Այս խմբի մարդիկ, ի տարբերություն իշխանության մեջ գտնվողների, որոնք անասելի ագրեսիվ են իրենց պայքարում, քանի որ անձնական շահեր են առաջ մղում, ունեն իդեալներ ու սկզբունքներ, բայց նրանք դժվար են համախմբվում: Նրանք լուրջ հարցեր են առաջադրում ու չեն սիրում, երբ մանրապճեղ քաղաքական գործիչները փորձում են ավելի խելոք երևալ, քան կան: Երրորդ շերտը ամբոխի վերածվող անուղեղ զանգվածն է, որն ամենամեծն է, իսկ սրանց մեջտեղում այն խավն է, որը նույնպես մեծ է և հենց նրանից են երբեմն կախված լինում ընտրությունների արդյունքները և հասարակության հիմնարար որակները: Ընդդիմադիր ուժերն իրականացնելով քարոզարշավ, որպես կանոն, համոզված են լինում, որ փայլուն կամ գոնե շատ լավ արդյունքներ են գրանցվելու:

Շփումները հասարակ մարդկանց հետ, երկրում տիրող իրավիճակը և մարդկանց դժգոհությունների տարափը խոսում է դրա օգտին: Բայց ահա արձանագրվում են հուսահատեցնող արդյունքներ՝ քաղաքական ընդդիմադիր գործիչներին դնելով շոկային վիճակներում: Հիմա հարց. ո՞ւր է այն ընտրողը, որը հանդիպումներում զայրացած խոսում էր վիճակը արմատապես փոխելու անհրաժեշտության մասին, և իր հստակ համակրանքն էր արտահայտում լուրջ գործիչների հանդեպ: Բանն այն է, որ նրանք նախընտրական հանդիպումների ժամանակ հանդիպում էին արդեն կողմնորոշված ընտրազանգվածի հետ:

Մյուս զանգվածը այդտեղ չէր, կամ էլ՝ երկակի պահվածք էր դրսևորում: Իզուր չեն ասում՝ հայ մարդուց այդքան հեշտ գլուխ չես հանի՝ մի բան կմտածի, մեկ այլ բան կասի, երրորդին կընտրի: Սա հիմնականում ապաքաղաքական կերպար ունեցող մարդկանց վարքագիծն է: Եթե սրան ավելացնենք վարչական ռեսուրս կոչվող երևույթի հանդեպ կիրառված նենգ ու կեղտոտ վերաբերմունքը, որը նշանակում էր հարցեր լուծել վախ սերմանելով, ապա պարզ կդառնա, թե ինչն ինչոց է: Իշխանությունն ընտրություններից առաջ և ընթացքում արդեն դիրքավորվել էր բռնակալական դիրքերում և վախը մեծ հաջողությամբ օգտագործում էր իբր գործիք՝ իր նպատակներին հասնելու համար: Այնքան ողորմելի են օրվա պաշտոնյաները, որ նրանց բռնակալական հավակնություններն անգամ զավեշտի են նմանվում:

Իզուր չի ասված՝ «Եթե խոտ ես, չխարն էլ կարող է թվալ ահասարսուռ կենդանի» : Այս մարդկանց հարկավոր պահին հուշեցին, թե քանի որ չկան ոչ քաղաքական ու ռազմական, ոչ դիվանագիտական և ոչ էլ տնտեսական արդյունքներ, ապա ճիշտ կլինի զանգվածին պահել վախի մթնոլորտում: Այս համատարած «բռնոցի, ձերբակալոցի ցուցադրոցի և բացթողոցի» խաղը հենց դրան էր միտված: Մի շատ ողորմելի ու վախկոտ անձնավորություն սկսում է սարսափ սփռել իր շուրջը և ողջ երկրում: Արաբ մեծ գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր Ջիբրան Խալիլն իր «Մարգարեն» հանճարեղ ստեղծագործության մեջ «Խրտվիլակը» վերնագրով մի գողտրիկ նովել ունի: – Եվ մարգարեն հարցրեց այգում կանգնած խրտվիլակին, – ասվում է նովելում, – «Լսի՛ր, այ խրտվիլակ, ես հասկանում եմ այգու տիրոջը, որը քեզ այստեղ կանգնեցնելով ուզում է պաշտպանել իր բերքը:

Ես հասկանում եմ անուղեղ թռչուններին ու կենդանիներին, որոնք գլխի չեն ընկնում, որ քո քրջերի տակ ոչինչ չկա: Բայց դու ո՞նց ես համաձայնում քեզնից ոչինչ չներկայացնելով այստեղ կանգնել զոր ու գիշեր: Եվ խրտվիլակն ասաց՝ Դրանք ոչ մի նշանակություն չունեն, կարևորն այն է, որ ինձնից ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ»:

Խորքային առումով չպետք է մոռանանք, որ հասարակության պարզունակ, ամբոխ զանգվածն ահավոր պահպանողական է, և նրա վախերի զգալի մասը բխում են այդտեղից: Կյանքում մտքի և վարքի նման որակները լավ հիմք են մարդկանց մանիպուլացնելու համար: Դեռ Նիկոլո Մաքիավելին էր նկատել, որ երբ մարդուն պահում ես իր փոքրիկ հացի կտորին կառչած, նա դառնում է լիովին կառավարելի: Իսկ երբ այս զանգվածը կշտանում և վերագտնում է իր արժանապատվությունը, այն դառնում է վտագավոր ցանկացած իշխանության համար: Հասարակության այս մեծ հատվածի մյուս գլխավոր արատը պատասխանատվության զգացումի պակասն է կամ իսպառ բացակայությունը: Այդ խոհեմ և կարգին մարդկանց է թվում, թե Արցախի կորուստը բոլորը ծանր տարան: Բոլորովին: Նրա կերը տեղն է, իսկ որդին՝ կողքին, հետևաբար նա տառապելու ուրիշ ի՜նչ պատճառ ունի: Մի քիչ ավելի պահանջկոտ ենք, երբ ասում ենք, թե նա չունի պատասխանատվության զգացում: Բանը նույնիսկ դրան չի հասնում, պարզապես այս հատվածի գիտակցությունը ողորմելի է: Տեսեք, հասարակ մարդ է, սովորական գործի տեր, դժվար կյանքով ապրող: Ոչ մի կերպ չես ասի, թե նա իշխանությունից ակնկալիքներ ունի և կամ կարող է ունենալ: Նա լավ էլ գիտի, որ ՔՊ-ին ու Նիկոլին ընտրելը չի փոխելու իր կյանքը:

Ութը տարին բավարար էր սա հասկանալու համար: Գիտի, բայց գնաց ու հատկապես նրանց ընտրեց: Եթե հրապարակում այլ, առավել արժանավորներ չլինեին, դեռ կարելի էր ինչ-որ կերպ սա հասկանալ, բայց ոչ, նա մի անմիտ բացատրությամբ նախընտրում է իր և երկրի գլխին վտանգներ բերողներին: Սա ունի մի բացատրություն՝ նա բացարձակապես չի գիտակցում, թե ինչ է անում և ինչու: Հավանաբար այս մարդկանց համար չկան պետական ու քաղաքական գործիչների ամենատարրական չափանիշներ: Այսինքն՝ պարզվում է «կուկուռուզ ու պեռաշկի» լափող և ամեն ակնթարթ սուտ խոսող մարդն այս խավի համար առավել ընկալելի ու ընդունելի է: Ինչպես ցույց տվեց կյանքը, մենք սա չգիտեինք, բայց նրան տիկնիկի պես պարացնող դրսի քաղտեխնոլոգները լավ գիտեին: Ստիպված ենք ցավով մտածել, որ ստախոս, ցանկացած բան գլխիվայր շրջող դեմագոգը, անդաստիարակ, ժողովրդական խոսքով ասած՝ լափառոշ, ռեխը աջուձախ շաղ տվող մարդն այս խավի համար գուցե առավե՞լ հոգեհարազատ է ու սիրելի: Ու այս մասին օտար ուժերը ևս լավ գիտեին:

Նիկոլահպատակ պարզ ու բավականին բթամիտ զանգվածին կառավարելու հզորագույն զենքերից մեկը բացասական խոսքն ու տեղեկատվությունն է: Սոցցանցերում դա լավ է երևում: Մտաբերենք, թե ինչ ուժգնությամբ էր աշխատում «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոս-հրահանգը:

Եթե այդ օրերին հրապարակ նետվեին սեփական թեկնածուին վերաբերող որևէ դրական խոսք ու գովասանք, «հեղափոխական» գործընթացը կտապալվեր կամ չէր ունենա նման ռեզոնանս: Մերժելու խայծն այս խանդավառ ամբոխի գլխավոր կերակուրն էր: Հետագայում «ճաշացանկում» հայտնվում են նախկինները և Ռոբերտ Քոչարյանը: Նրանց տարբեր ձևերով կեղտոտելու տակտիկան ևս արեց իր սև գործն ու սպառվեց: Ամբոխին սնելու համար պետք էր նոր պերսոնաժ, և դրա համար ընտրություններից հետո ընտրվեց Գագիկ Ծառուկյանը: Եթե մի քանի ամիս առաջ իբրև իրավիճակի հանգուցալուծում տեսնում էինք ընտրությունները, ապա ներկայումս դրությունը շատ ավելի փակուղային է, քանի որ իշխանափոխության սահմանադրական ուղին այլևս ականապատ է: Հիմա ասես, շատերն են գլուխներն ափերի մեջ առած մտորում պայքարի այլ տարբերակների մասին:

Հավանաբար կգտնվեն գործընթացների վրա ազդելու նոր եղանակներ: Իսկ այս պահին փորձենք վերլուծել հասարակության երկրորդ շերտի հարցը, որից շատ բան է կախված: Եթե առաջին, խելամիտ հատվածը գիտի իր անելիքը, բայց ցավոք մեծ չէ, իսկ երրորդ՝ կատարելապես ամբոխի դերում է, ապա դժվար երևույթ է մեջտեղի, կամ ինչպես ընդունված է ասել՝ միջին խավը: Այս խավը, որը ևս մեծաքանակ է, ընտրությունների ժամանակ բնավ էլ չէր համակրում Նիկոլին և նրա ՔՊ-ին: Այս խավի մեջ առաջին հերթին պետք է առանձնացնել վարչական ռեսուրս կոչվող հատվածին, բիզնեսի մանր ու մեծ շրջանակներին և այլն: Այս խավի քաղաքական ու ազգային գիտակցությունը ևս, մեղմ ասած, չի փայլում: Նրան հուզում է իր նեղ անձնական շահը՝ դիրքը, աշխատանքը, եկամուտները և այլն: Նա գամված է այս ամենին և ամեն ինչին նայում է այդ պրիզմայով, անգամ եթե երկիրը գտնվում է ճակատագրական ջրբաժանի առջև: Նա խելոք է բավարար չափով, հասկանում է իրավիճակի լրջությունը, բայց ոչ մի պայմանով չի զոհի իր անձնական շահից թեկուզ մի չնչին պատառ: Սա նաև վտանգավոր խավ է, պատեհապաշտ, գիտի ճիշտ պահին շրջվել դեպի ուժեղը կամ զոռբան:

Նա նաև կարող է ազդել գործընթացների արդյունքների վրա նույնիսկ իր չեզոքությամբ ու անտարբերությամբ, իսկ անտարբերությունը խաբուսիկ, բայց սոսկալի զրահ է ցանկացած իրավիճակում: Դեռ հին հույն փիլիսոփաները գիտեին, որ «Անտարբերությունը մահաբեր թույն է, որը գործում է դանդաղ և ի վերջո սպանում է բոլորին»: Այս միջին շերտը նաև անկանխատեսելի է և խիստ հակասական իր արարքներում:

Եթե ուզում ենք հասկանալ նրա գործելու կերպը, չպետք է շատ հեռուն գնալ: Պետք է ընդամենը տեսնել, թե ինչքան և որտեղ է նրա օգուտը տվյալ գործում: Քարոզարշավի բուռն օրերին ինձ հանդիպեցին թվով ոչ քիչ այդպիսի մարդիկ: Նրանք ատում ու արհամարհում էին Նիկոլին և նրա կամակատարներին, բայց հենց նրանց էլ ընտրեցին, թեև մինչ այդ կարող էին ճառել նրանց բերած աղետների մասին: Շատ երկրներում այս հատվածն էլ հենց կանխորոշում է ընտրության ելքը: Սակայն մի տարբերությամբ, որ կախումներն իշխանություններից այնտեղ զգալիորեն թույլ են, և տեղ է մնում մարդու ազատ կամարտահայտության համար, ինչպես և գոյություն ունի հակակշիռների ինստիտուտը:

Ի մի բերելով մեր ասելիքը՝ անենք հետևյալ եզրահանգումները: Հասարակությանը թեկուզ նվազագույն չափով ճանաչելը, թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում գրեթե անհնար է: Պետական ու քաղաքական ինստիտուտների թերզարգացվածությունը մեզանում հասարակական խմբերին և անհատներին պահում է ուժեղ կախման մեջ իշխանություններից: Ազգային և պետական մտածողությունը ցավալիորեն զիջում է մարդկանց անձնական շահերին: Արտաքին ուժերի ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա աղետալի չափերով ուժեղ է և լի է ամենատարբեր վտանգներով: Շահագրգիռ ուժերը մինչև օրս կարողանում են շահարկել անցյալը՝ տեղ չթողնելով ներկայի և ապագայի առողջացման համար:

Աշխարհում տուրբուլենտությունը հասել է իր պիկին, և կարծես ապրում ենք քաղաքական ու էկոլոգիական «մեծ ջրհեղեղի» շրջանում: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, թե ինչ է կատարվում աշխարհում, իր շուրջը և երկրում, ձգտի վերափոխվել հիմնահատակ, որպեսզի այսօրվա քաղաքական այլանդակությունների շղթան մեկընդմիշտ կտրվի, և տեղ բացվի առողջ, բանական և արդիական պետության ստեղծման համար: Դա է մեծ ջրհեղեղին դիմանալու միակ ճանապարհը:

Մանվել Մկրտչյան

Դրօշակ» թիվ 8 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company