ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտրանք չկա

03 Սեպտեմբեր 2026

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշինյանը մեծ խաղադրույք կատարեց, և այժմ եկել է այդ մեծ գինը վճարելու ժամանակը։ Խոսքն այս դեպքում այն մասին չէ, որ պաշտոնը և դրանից բխող անձնական անձեռնմխելիության երաշխիքները պաշտպանելու համար Փաշինյանը դիմեց ընտրական խարդախությունների, շանտաժի, սպառնալիքների ու մրցակիցների հետապնդումների՝ բացահայտելով ժողովրդական առաջնորդի, արդարության մարտիկի իմիջի քաղաքական ողջ սնանկությունը։

Երկրի ղեկավարը ընդգծված արկածախնդրական վարք դրսևորեց արտաքին հարաբերությունների ոլորտում՝ ակնհայտ դարձնելով թուրք-ադրբեջանցիների և Արևմուտքի բացահայտ քաղաքական ու ֆինանսական աջակցությունը, ինչպես և հովանավորությունը Փաշինյանի աղաղակող անօրինականությունների հարցում։ Մյուս կողմից այդ հովանավորությունն ապահովելու համար դրածո ղեկավարը հարկադրված եղավ ընդգծված ձևով փաստելու Ռուսաստանի հետ եղած տնտեսական, էներգետիկ, ռազմական և այլ բնույթի կապերը խզելու, Անդրկովկասից վերջինիս դուրս մղելու գործում իր ստանձնած պարտավորություններն անշեղորեն իրականացնելու վճռականությունը։ Ռուսաստանի դեմ այս քայլերին Հայաստանի իշխանություններին հետևողականորեն մղում են, մասնավորապես, Թուրքիան ու Ադրբեջանը՝ այն պարագայում, երբ այս երկու պետություններն էլ փորձում են Ռուսաստանի հետ պահպանել կեղծ բարեկամությունը, երբեք չգնալով ակնհայտ առճակատման։

Ընդգրկված լինելով հակառուսական ճակատում և փայփայելով Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու դարավոր երազանքը, այս տանդեմը ձգտում է, որ Հայաստանը թշնամանալով Ռուսաստանի հետ հեռանա ու քաղաքականորեն հակադրվի նրան, իրենց դիմաց մնա միայնակ։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որպես նրանց ձեռքին կույր ու բութ գործիք, իրականացնում է այս հակահայ ծրագիրը։ Թռուցիկ հայացք նետելով պատմական անցյալին՝ կարող ենք անդրադառնալ, որ մեր նախնիները մահմեդական օվկիանոսում հայության համար փրկություն չտեսնելով, փորձեցին տարածաշրջան հրավիրել Եվրոպայի քրիստոնյա տերություններին, որոնք այստեղ կմրցակցեին իսլամական աշխարհի հետ, և հակադիր շահերի բախման շրջագծում կապահովվեր հայության գոյատևման հնարավորությունը։ 18-րդ դարի սկզբներից, Քրիստոնյա Եվրոպայից աջակցության որևէ խոստում չստանալով, հայ գործիչները դիմեցին Ռուսաստանին, որը գրեթե մեկ դար անց հայտնվեց Անդրկովկասում։

Նպատակ չունենք այստեղ պատմական էքսկուրս կատարելու, լավ հայտնի է նաև թե ռուսական կայսրության երկիմաստ քաղաքականությունն ինչպիսի կորուստներ է արժեցել մեր պատմական հայրենիքի համար, մանավանդ Արևմտյան Հայաստանի ողբերգական ճակատագրում։ Մյուս կողմից հնարավոր չէ ժխտել, որ տարածաշրջանում հենց ռուսական շահերի հաստատման հետ հնարավորություն ընձեռվեց Արևելյան Հայաստանի վերահայացման ժողովրդագրական շրջադարձն ապահովել։ Վերջին երկուհարյուր տարվա ընթացքում, Առաջին Հանրապետության կարճատև շրջանը չհաշված, ռուսական ու թուրքական հակադրության դաշտում է հայ ժողովուրդը կարողացել ապահովել իր գոյատևումը։ 1920 թվականին այս երկու ոխերիմ թշնամիները դաշնակցեցին, և մեծ խաղերի մեջ մենք կորցրինք մեր պետականությունը։ Երկու դարերի ողբերգական ու հաղթական իրողությունները նկատի ունենալով, ինչպեսև արտաքին այս կամ այն ուժին սիրելու կամ ատելու զգացմունքային զեղումները մի կողմ թողնելով, սառը դատողությամբ, փաստենք, որ երբ այժմ Հայաստանի իշխանությունները ձգտում են ռուսական զինուժը հեռացնել Հայաստանից, նրանք շատ լավ հասկանում են, որ դրանով բացում են Հայաստանի դարպասները թուրքերի, ինչպես նաև ադրբեջանցիների առջև (վերջիններս, արդեն Հայաստանում են)։

Ի դեպ, հայ պատմաբանը, քաղաքագետը կամ գաղափարական ազդեցության ներքո գտնվող շարքային հայը, երբ անդրադառնում են պատմական իրողություններին և հանգում այն եզրակացության, որ Ռուսաստանին պետք է դուրս մղել Անդրկովկասից, կամա թե ակամա դառնում են Նիկոլի քաղաքականության դաշնակիցը՝ ռուսական ազդեցությունը թուրք-ադրբեջանական ազդեցությամբ փոխարինելու հարցում։ Առանց չափազանցնելու կարելի է եզրակացնել, որ Հայաստանից ՀԱՊԿ-ի զինուժի հեռացումից հետո Հայաստանի Հանրապետությունը քաղաքականորեն կհայտնվի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի Արևմտահայաստանի իրավիճակում։ Չեմ ցանկանում որևէ մեկին վախեցնել. թուրքական զորքերի ներխուժման և մեր երկրում կոտորածներ սարքելու հեռանկարով, նույնիսկ դրա կարիքը չի լինելու։

Թուրքական տանդեմը Եվրոպայի անունից կգա և ոչ երկար ժամանակահատվածում Հայաստանը կկլանի, տնտեսական, էներգետիկ, հաղորդակցական ու սրանցից բխող քաղաքական զենքերի կիրառմամբ։ Որ Եվրոպան չի գալու այստեղ իր զորքով մեզ պաշտպանելու, այլ նրա անունից տարածաշրջանում հայտնվելու է թուրքը. այսօր կարծես թե Նիկոլի աղանդավորներից բացի, բոլորն են հասկանում, և եվրոպացիք էլ չեն թաքցնում այդ հեռանկարը։ Մասնավորապես այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Սույն թվականի հունիսի վերջին, Թուրքիայում գտնված ժամանակ, Եվրոպայի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ Թուրքիան թիվ մեկ ռազմավարական գործընկեր է և ավելացրել է. «Նկատի ունեմ այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրացիան, պաշտպանությունը և տարածաշրջանային կայունության ապահովումը։

Եթե խոսենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա Թուրքիան այնտեղ կարևոր դեր է խաղում։ Իսկ եթե դուրս գանք Մերձավոր Արևելքի սահմաններից, ապա կա նաև Կովկասը, որտեղ Թուրքիան նույնպես շատ կարևոր դեր ունի»։1

Թուրքիան և Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի միջոցով կհասնեն իրենց մեկ այլ վաղուցվա երազանքի իրականացմանը՝ Հայկական ատոմակայանի փակմանը, ինչը Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածության կարևորագույն ևս մեկ օղակի վերացումը կնշանակի։ Այս առիթով վկայաբերենք Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը նա արել է Նախիջևանում, ադրբեջանական հեռուստատեսության համար տրված հարցազրույցի ժամանակ։ Ադրբեջանի ղեկավարը խոսել է. «Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի ռիսկի մասին և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է երկիրն ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով»։ Այնուհետև նա ավելացրել է. «ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ անհրաժեշտ հետազոտություններ են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարաններ»։ «Իսկ առավել ուշագրավ դրվագն այն է, որ Փաշինյանը, ի պատասխան Ալիևի հայտարարության, նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների շուրջ երկկողմ աշխատանք է իրականացվում։ Իր ընկալմամբ, երկկողմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ իրենք անում են Հայաստանի հետ…»:2

Այս շղթայի կարևոր օղակներից մեկն էլ Հայկական երկաթուղիների հարցն է, որոնց կառավարման իրավունքը Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերցնել Ռուսաստանից և հանձնել Թուրքական պետությունների կազմակերպության ակտիվ անդամներից մեկին՝ Ղազախստանին։ Հայաստանը թուրք-ադրբեջանական կառավարման հանձնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը, ցանկանում է նաև երկրի ներսում այնպիսի պայմաններ ստեղծել նոր տերերի համար, որ վերջինները խնդիր չունենան ոչ երկրի, ոչ էլ նրա կառավարման ղեկին Փաշինյանի մնալու հանգամանքի հետ։ Արցախից հետո Փաշինյանը Հայաստանում ոչնչացնում է այն ամենը, ինչը կապվում է Արցախի և Արցախյան պատերազմի հետ։ Որպեսզի թուրքական տանդեմը որևէ մտահոգություն չունենա, թե մի օր ազգային ինքնությունը հայ ժողովրդի մոտ կարող է արթնանալ, Փաշինյանը փորձում է վերացնել այն ամենը, ինչը կապվում է այդ ինքնության հետ՝ արժեքային համակարգ, ազգային եկեղեցի, պատմական անցյալ։ Քանի որ թուրքերը մշտապես ցեղասպանության հարցի հետապնդումը կապում են Սփյուռքի գործոնի հետ, Փաշինյանը ցեղասպանության հարցի հետ մերժում է նաև Սփյուռքը, նրա կապը հայրենիքի հետ։

Երրորդ հանրապետության էջի փակումը և մոգոնված 4-րդ հանրապետության հռչակման ցանկությունը նշանակում է հենց մերժումը վերը թվարկված արժեքների, 36 տարվա անցած ճանապարհի ջնջումը և հայության վերածումը անհող, անինքնություն ու անողնաշար զանգվածի, նույնպիսի անբովանդակ էությամբ տարածքի վրա։ Նիկոլ Փաշինյանը Արևմտաթուրքական հովանավորներին ճգնում է հավաստիացնել, որ եթե ինքը մնա, պատրաստ է Հայաստանի հաշվին գնալու ցանկացած տեսակի զիջումների ու փոփոխությունների, իսկ իր չլինելու դեպքում կգան «Ռուսաստանին ծառայող ազգայնականները» և ամեն ինչ գլխիվայր շուռ կտան։ Հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի նախընտրական հիստերիկան ուղղված էր ոչ միայն ներքին լսարանին, այլև ուղերձ էր արտաքին ուժերին, որ իր պարտության դեպքում եկող նոր իշխանությունների հետ առճակատվելու են, որովհետև վերջինները չեն դառնալու արտաքին ուժերի հլու կամակատարը։

Փաշինյանն ասում է, թե TRIPP-ը Հայաստանի անվտանգության երաշխիք է, սակայն այն հսկայական զիջում է, որը կարող էր տեղի ունենալ, օրինակ, ԱՄՆ-ին պատերազմում պարտվելուց հետո։ Ժողովրդից գաղտնի՝ Հայաստանի իշխանությունների կողմից Սյունիքի ընդերքի ազգային հարստության հարցում հերթական զիջումն արվեց։ Ընդ որում, նույնիսկ Հայաստանի իշխանություններին բանի տեղ Դրօշակ Օգոստոս 2026 3 չդնելով՝ պարզապես Արարատ Միրզոյանին կանչեցին «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նա ԱՄՆ պետքարտուղարի հետ ստորագրեց ղազագիր, որից հետո Ռուբիոն հեռացավ Հայաստանից։ Ոչ մի այցելություն Հայաստանի Հանրապետության պետական հաստատություններ և ոչ մի դիվանագիտական ընդունելություն, և ոչ էլ որևէ պատշաճ արարողակարգ։ Իսկ մի՞թե արտաքին ուժերի համար դրածոներն արժանի են այդ պատվին։ Փաշինյանն իր բոլոր արտաքին հարաբերությունների մեջ Հայաստանի փոխարեն փորձում է բարձրացնել իր արժեքը։ Սա միաժամանակ այն հանգամանքն է, որն, ըստ Փաշինյանի, պետք է շահագրգռի ամերիկացիներին և մյուսներին իր իշխանության վրա մնալու հարցում, այլապես, ուրիշները եթե գան, կարող են վերանայել հակահայ ու գլխավորաբար թուրքամետ գործարքները։

Իրականում հենց այս է սկզբունքը Նիկոլ Փաշինյանի վարած 8-ամյա արտաքին քաղաքականության՝ համոզել արտաքին ուժերին, թե իրենց շահերի առումով միայն Փաշինյանի իշխանավարումն է նպաստավոր, այլապես մյուսները չեն ենթարկվի և կպաշտպանեն Հայոց պետության ինքնիշխան շահերը։ Ինչպես մեր ասելիքի սկզբում նշեցինք, Նիկոլ Փաշինյանը մեծ գրավ դրեց և այժմ կանգնած է մեծ գին վճարելու իրողության առջև։ Նա իր բոլոր հայտարարություններով խաբեց ժողովրդին, և այդ խաբեություններն այսօր դուրս են եկել ջրի երես։ Նա չկարողացավ շտկել հարաբերությունները Ռուսաստանի իշխանությունների հետ և լայն առումով, վերջինի շուկայի փակվելու հետ, ոչ միայն հայ արտադրողն է մնում առանց եկամտի, այլև Հայաստանը զրկվում է հսկայական առևտրաշրջանառության օգուտներից։ Նիկոլ Փաշինյանը խաբեց խոստանալով, թե Հայաստանի առջև կբացվեն Եվրոպական շուկաների դռները, լավ իմանալով, որ Եվրոպան անորոշ հեռանկարում նման բան թույլ չի տա։ Իշխանությունն ուզուրպացրած ղեկավարը խոսեց կայացած խաղաղության ու բարիդրացիության մասին, իսկ դրա դիմաց այսօր նրանից թուրքական տանդեմը պահանջում է նորանոր և անհապաղ զիջումներ՝ անկլավների հանձնում, Ադրբեջանի ցանկացած Սահմանադրության ընդունում, ադրբեջանցիների վերադարձ, հայ եկեղեցու և հայ ազգային-պետական գործիչների հալածանք և այլն։

Այս իշխանությունը սարսափի ու կատաղության նոպա է ունենում, երբ քաղաքական գործիչը, վերլուծաբանը, սփյուռքահայը, հոգևորականն ու պարզ քաղաքացին որևէ ակնարկ են անում Արցախի ու արցախահայության իրավունքների, հայ ժողովրդի անցյալի հաղթական էջերի կամ թե ցեղասպանության վերաբերյալ, աղաղակելով, թե դա վտանգում է խաղաղության գործընթացին։ Միևնույն ժամանակ իրեն խուլի ու հիմարի տեղ է մեր երկիրը Արևմտյան Ադրբեջան հայտարարելու, Հայաստանից կենսական նշանակության զիջումներ պահանջելու ամենօրյա խոսույթի ու գործողությունների պարագայում, որոնք գեներացվում, գործնականորեն զարգացվում ու պաշտոնական բնույթ են ստանում Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ուրեմն սա՞ է կայուն խաղաղությունը և այսպիսի խաղաղությունը պահպանելու երաշխիքը։

Նիկոլ Փաշինյանի իրարահաջորդ, ռեպրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ նա այրում է օրինականության և արդարադատության հետ ունեցած բոլոր կամուրջները և գնում է վա բանկ՝ երբ իր դավաճանական, անօրեն քայլերի համար պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցը իր իշխանության ժամկետը հնարավորինս երկարաձգելն է։ Որքան արտաքին գործոններն ավելի ճնշեն Փաշինյանին, նա ավելի շատ է գնալու ներքին հալածանքների։ Նա փորձելու է շեղել ժողովրդին արտաքին լրջագույն խնդիրներից, փորձելու է չեզոքացնել ժողովրդական կազմակերպված ըմբոստացման հնարավորությունը, ի սկզբանե զրկելով հավանական շարժումներին հավանական ղեկավարությունից, ինչպես և սարսափ սերմանելով ստիպել, որ պարզ մարդկանց մտքով իսկ չանցնի վատթարացող իրավիճակը չհանդուրժելու գաղափարը։

Փաշինյանն ընտրություններում դեմ առ դեմ առերեսվեց իր նկատմամբ ժողովրդի ատելությանը, բայց որովհետև ողջ ժողովրդին պատժել չի կարող, վայրենի կրքով փորձում է նսեմացնել ազգային աչքի ընկնող գործիչներին։ Վերջիններիս խորապատկերի վրա ընդգծվում էր, Փաշինյանի բռի-գեղջկական, սանձարձակ և դատարկ էությունը։ Եթե մյուսները խոսում էին Հայաստանի զարգացման ծրագրերից, 8 տարվա վարչապետը շարունակում էր հայհոյել նախկիններին, սպառնալ, թե կնստացնի, կկզացնի, ունեցածները ձեռքերից կխլի։ Կարելի է ասել, որ խարդախությամբ ընտրությունների արդյունքները սեփականած Փաշինյանի համար սկսվել է քաղաքական հոգեվարքը, որը կարող է երկար տևել, եթե կուտակված հասարակական էներգիան գեներացնող չլինի։ Այսօր Հայաստանին անհրաժեշտ է համախմբված ազգային ուժերի միասնական պայքար, ինչը կիրականացվի երկարատև ժամանակի համար կազմված գործողությունների ճանապարհային քարտեզով։ Պետք է ընդունենք, որ դժվարին մարտահրավերների առջև է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։ Իրականությունը թելադրում է նաև ընդդիմության անելիքը, որը նույնպիսի քննության առջև է քաղաքական դաշտում իր առաքելության իրականացման հարցում։

Ընդդիմության անունից հանդես եկող մի շարք ուժեր ու անհատներ նախընտրական շրջանում իրենց քննադատության սլաքն ուղղել էին ավելի շատ մրցապայքարի մեջ մտած ազգային ուժերի դեմ, դրանով ոչ միայն պառակտելով ազգային ընդդիմադիր դաշտը, այլև տրամաբանական հարց ծնելով, թե իրականում ում հետ են և ում դեմ են իրենք։

Առաջատար ընդդիմադիր ուժերը պետք է միավորեն քաղաքական-հասարակական դաշտը, որտեղ այսօր առողջ ուժեր և բազմաթիվ կարող անհատներ կան, ինչպես և հսկայական դժգոհ ժողովուրդ, որի մոտ կամաց-կամաց հասունանում է դժգոհությունը նաև ընդդիմադիր դաշտի կրավորական պահվածքի համար։ Անցած ընտրություններում ընդդիմության անվիճելի հաղթանակին խանգարեցին նաև փոքր ուժերի ու անհատ գործիչների մասնավոր հավակնությունները և մասնատված գործունեությունը։ Այնինչ Հայաստանի այսօրվա տագնապալի իրավիճակը բոլոր առողջ ազգային ուժերին պարտադրում է հավակնությունները առժամանակ մի կողմ թողնել և համախմբվել հանուն երկրի փրկության։ Խնդիրների լուծումը ժամանակի դատին թողնելը հանցանք կլինի պետության ճակատագրի հանդեպ։ Մինչև ընդհուպ 2023 թվականի աշունը դժվար էր հավատալը, թե մենք ամբողջովին կկորցնենք Արցախը (հուսանք ժամանակավորապես)։ Այսօր էլ կարծես չենք ցանկանում ընդունել, որ լինել-չլինելու ճակատագրական իրողության առջև է Հայաստանի Հանրապետությունը։ Գործնական և հրապարակային պայքարը այլընտրանք չունի, յուրաքանչյուրը պետք է հանձնի իր քննությունը կամ մի կողմ քաշվի։

Ծանոթագրություններ

1. https://iravunk.com/?p=343746&l=am (մուտք՝ 28.08.2026)։
2. https://hraparak.am/am/post/5950ffdc3ffa7d680b8400b297a322aa), (մուտք՝ 28.08.2026)։

Դրօշակ» թիվ 8 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչ

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահ

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company