ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Համազգայինի» նորահրատ գրքերը ներկայացվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

23 Դեկտեմբեր 2019 Պայքարել ենք տարբեր ճակատներում՝ ֆիզիկական, հոգևոր, բարոյական, մտավոր, մշակութային, կրթական: Եվ ահա կրթական և մշակութային ճակատի պայքարողներից մեկը եղել է ավելի քան ինը տասնամյակ արդյունավետ ազգային գործունեություն ծավալող Համազգային Հայ կրթական և մշակութային միությունը. այս մասին հայտարարեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը, ով ողջունեց «Համազգայինի» երևանյան գրասենյակի պատվիրակության այցը ԵՊՀ ԻՄ:

1928 թ. սփյուռքում հիմնադրված կազմակերպությունը Հայաստանի անկախացմանը զուգահեռ գալով հայրենիք և շուրջ 30 տարի անընդմեջ բուռն գործունեություն ծավալելով Հայաստանի Հանրապետության, Արցախի, 2019 թվականից՝ նաև Ջավախքի կրթամշակութային դաշտում, դեկտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հարկի տակ բուհի ղեկավարության հետ համատեղ նախաձեռնել էր վերջին մի քանի արժեքավոր հրատարակությունների շնորհանդես – քննարկումը:

««Համազգայինն» իր ազգանվեր և ազգապահպան աշխատանքով վրձնել, կերտել է հայի ինքնությունը՝ դարձնելով այն ավելի ինստիտուցիոնալ: «Համազգայինը» կազմակերպել է հայապահպանության գործը սփյուռքում, որտեղ, Շանթի պատկերավոր արտահայտությամբ, արևի տակ եղած ձյան պես հայությունն անընդհատ հալչում էր», – իր ելույթում նշեց Վ. Ալեքսանյանն՝ ավելացնելով, որ մարդկության պատմությունն ինքնությունների պայքար է, իսկ հայի ինքնությունը կերտվել է կրթության միջոցով:

Ըստ պատմաբանի՝ մարդկության պատմությունն այդ ինքնությունների վերացման պայքար է, ինքնություն, որը մեզ միավորող, միևնույն ժամանակ՝ մեզ ուրիշներից տարբերող տարրերի և արժեքների ամբողջությունն է, և այսօր ամենակարևոր արժեքը, որի համար պայքարում ենք այս արևի տակ գոյություն ունենալու համար՝ մեր ինքնության հաստատումն է:

«Աշխարհը գեղեցիկ է ազգերի բազմազանությամբ, մրցակցությամբ: Մեր ինքնության պահպանման գրավականը մեր կրթությունն է, և կապ չունի՝ ազգի թվաքանակը մե՞ծ է, թե՞ փոքր, կապ չունի՝ նրա զբաղեցրած տարածքը մեծ է, թե փոքր, փոխարենը կապ ունի, թե տվյալ ազգը ինչ ներդրում է բերել համաշխարհային մշակույթի գանձարան, ինչ դեր է ունեցել համաշխարհային մշակույթի գանձարանը հարստացնելու հարցում: Այս մտքի հանճարեղ բանաձևը տվել է Համո Սահյանը՝ ասելով. «Արամ Խաչատրյանը եղավ մեր փոքրության առասպելի հերքումը, նա եղավ մեծերի հետ չափվելու մեր միավորը: Արամ Խաչատրյանը եղավ քաղաքակրթության մեր վկայականը»», – նշեց ԵՊՀ ԻՄ դոցենտ Վ. Ալեքսանյանը:

«Համազգայինի» համար ԵՊՀ ԻՄ այցելությունն իր խոսքում նշանավոր օր համարեց «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը՝ փաստելով, որ հայ մշակույթը շարունակական դարձնելու համար դրսում պետք էին կռվաններ, որոնք պետք է հանդես գային դպրոցի, եկեղեցու, մշակութային օջախների տեսքով: Այս իրողությունը հաշվի առնելով, ըստ բանախոսի, հայ նվիրյալները ձեռմնամուխ եղան ստեղծելու «Համազգայինը»:

«Ի պատիվ այդ նվիրյալների՝ այդ կազմակերպությունը կարողացավ պատվով իրականացնել իր առաքելությունը: Մենք նույնպես այսօր այդ առաքելության կրողներն ենք: «Համազգայինի» երևանյան գրասենյակն այս ամբողջ ընթացքում ձեռնամուխ է եղել կրթական և մշակութային բազմաթիվ միջոցառումների: Հրատարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք ներկայացրել են մեր մշակույթի, մեր գրականության մեծերին, հատկապես՝ այն անձանց, ովքեր Խորհրդային Միության 70-ամյա շրջանում եղել են մոռացված: Այդ անունները մենք նորից փորձում ենք բերել Հայաստան և փոխանցել եկող սերունդներին», – իր խոսքում նշեց Ռ. Առաքելյանն՝ ավելացնելով, որ դրանցից մեկը, բնականաբար, Լևոն Շանթն է, ով, ըստ բանախոսի, բախտավորներից մեկն է: Լինելով մերժված Խորհրդային Հայաստանում, այդ տարիներին մարդիկ գիտեին նրա «Հին Աստվածների» մասին: Ոչ միայն գիտեին, այլև ֆիլմ է նկարվել 1960-ական թթ.: Այդուհանդերձ, Լևոն Շանթն իր ամբողջական ստեղծագործություններով դեռևս հայտնի չէ:

Անդրադառնալով ներկայացված գրքերից մեկին՝ «Լևոն Շանթ. մարդը և գործը» ժողովածուին՝ Ռ. Առաքելյանը փաստեց, որ այդ հրատարակությամբ Շանթին կճանաչեն ոչ միայն որպես գրող, այլև որպես հասարակական-քաղաքական գործիչ:

«Ի վերջո՝ Շանթը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության կերտողներից մեկը: Նրան գիտեին որպես «Հին Աստվածների» հեղինակ, բայց շատ շատերը չգիտեին նրա քաղաքական, ազգային և հասարակական գործունեության մասին», – նշեց «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրենը և ներկայացրեց ինչպես Շանթի մասին գրքի բովանդակությունը, այնպես էլ շնորհանդեսին ներկայացված մյուս երկու գրքերը՝ ազգային մեծ գործիչ Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի հեղինակած «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» և «Թումանյան. մարդը և բանաստեղծը» նորահրատ գրքերը:

Ըստ բանախոսի՝ այս գրքերի գոյության մասին ևս շատ քչերը գիտեին, և, հաշվի առնելով ինչպես Լևոն Շանթի, այնպես էլ Հովհ. Թումանյանի և Անդրանիկի ծննդյան ամյակները, «Համազգայինի» երևանյան գրասենյակն իր պարտքը համարեց ընթերցողների սեղանին դնել այդ մեծարժեք հրատարակությունները:

Ըստ միջոցառման հաջորդ բանախոս, պ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Խաչատուր Ստեփանյանի՝ քանի որ հայ քաղաքական վտարանդիության հիմնական խնդիրը հայկական հարցի լուծումն էր, դրա գործնական լուծումը նախ փորձ էր արվում հիմնավորել տեսական բացատրություններով:

Անդրադառնալով «Անկախության գաղափարը Լևոն Շանթի մեկնաբանմամբ» խորագրով զեկուցման թեմային՝ Խ. Ստեփանյանը փաստեց, որ Լ. Շանթի «Մեր անկախությունը» աշխատությունը հենց հայկական հարցի գործնական լուծման տեսական հիմնավորման փայլուն օրինակ է հանդիսանում:

«Մեկնաբանելով անկախության խնդիրը՝ Լևոն Շանթը գտնում է, որ անկախությունը նախ և առաջ կամքերի ընդհարում է, շահերի բախում, և նրա համոզմամբ՝ անկախությունը տարբեր կերպ է շոշափվում ազգերի կողմից: Որևէ ազգի անկախությունը կարող է բխել տվյալ ազգի ու նաև ազգերի շահերից, սակայն, միաժամանակ, կարող է նպատակահարմար չհամարվել այլ ազգերի համար: Հետևաբար՝ յուրաքանչյուր ժողովուրդ կարող է խանգարել կամ նպաստել տվյալ ազգի անկախության ձեռքբերմանը», – նշեց Խ. Ստեփանյանը՝ մատնանշելով կրկին Շանթի տեսակետը, ըստ որի՝ սխալ է միջազգային ատյանների վրա հույս դնելով անկախություն ակնկալելն այնքան ժամանակ, մինչև որ մենք ինքներս որևէ ուժ չներկայացնենք, և մեր հարցը չդառնա ուժեղ պետության ու հաշիվներու մեկ մասը:

«Լևոն Շանթի այս մարգարեական խոսքերը մեկնաբանելու խնդիր չկա, որովհետև, եթե ուզում ենք միջազգային հանրության, տերությունների համար շահագրգիռ որևէ բան ներկայացնենք, պարտավոր ենք լինել ուժեղ և անկախ», – փաստեց ՀՊՄՀ դասախոսն՝ ավելացնելով, որ Շանթը սխալ է համարում միջազգային ատյանների վրա հույս դնելը, բայց, միաժամանակ, խելամիտ չի համարում այդ ատյանների դերն անտեսելը:

«Շանթը եզրահանգում է այն ճշմարտությանը, որ մենք պետք է ի զորու լինենք տեր կանգնել մեր անկախությանը, իսկ անկախությունը ձեռք է բերվում երկարատև, համառ մաքառումների շնորհիվ: Եվ եթե մեզ չհաջողվի ձեռք բերել կամ պահպանել մեր անկախությունը, ապա մենք իրավունք չունենք ապրելու որպես ինքնուրույն ժողովուրդ», – անկախության գաղափարի մասին Շանթի մոտեցումները ներկայացնելով՝ նշեց Խաչատուր Ստեփանյանը:

Վարդգես Ահարոնյանի «Հովհ. Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը ներկայացնող բ.գ.թ., ասիստենտ Ալիսա Հասանյանը, տալով հեղինակի կարճառոտ կենսագրականը և խոսելով ծավալած հասարակական- քաղաքական և ստեղծագործական ուղու մասին՝ նշեց. «Ընտանեկան միջավայրը, հոր հասարակական-քաղաքական գործունեությունը, Թիֆլիսի հայ մտավորականության հետ ունեցած մտերմությունը՝ դեռ պատանեկան տարիներից հնարավորություն է տվել, որպեսզի հեղինակը ճանաչի մեծերին և տարբեր իրավիճակներում առնչվի նրանց հետ: Այս հիիշողությունները տարիների հեռավորությունից դարձել են հուշապատոմ, որոնց մեջ իր գրականագիտական ասելիքով, իսկապես խոր ու համապարփակ մեկնաբանություններով աչքի է ընկնում «Հովհ. Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը»:

Ըստ Ա. Հասանյանի՝ հեղինակն իրադարձությունների գունեղ նկարագրություններով բացահայտում է մեծ լոռեցու խառնվածքը, հարաբերություններն ընտանիքի ու միջավայրի հետ, առանձին գործերի վերլուծության միջոցով ներկայացնում գրական վաստակը՝ կարևորելով գեղարվեստական բովանդակությունն ու տաղանդի մեծությունը:

«Թիֆլիսում ապրած տարիներին ջերմ ու մտերմիկի հարաբերություններ են ստեղծվում Հովհ. Թումանյանի և Ավ. Ահարոնյանի ընտանիքների միջև, որն էլ առիթ է ընձեռում Վ. Ահարոնյանին՝ մոտիկից տեսնել, ճանաչել ու հասկանալ ամենայն հայոց բանաստեղծին», – փաստեց բանախոսը՝ եզրակացնելով, որ Ահարոնյանի աշխատությունը դաստիարակչական, ճանաչողական և դասագրքային արժեք ունի:

ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանն էլ, ով ներկայացրեց Վ. Ահարոնյանի՝ շնորհանդեսին ներկայացված մյուս գիրքը, փաստեց. «Այսօր, երբ համաշխարհային- համահարթեցման գործընթացները բավականին ակտիվ փուլ են մտել, և հերոսների կերպարի իջեցման խնդիր է դրվում, փոքր ազգերը պետք է ունենան հերոսներ: Հասարակության մեջ պետք է ունենաս այն իդեալական կերպարը, որին պետք է նմանվի քո զինվորը, քո մանկապարտեզի սանը, քո ուսանողը և հասարակությանը մաս կազմող այլ շրջանակներ: Այդ շրջանակները պետք է հասկանան՝ ու՞մ պետք է նմանվել, ո՞րն է քո հավաքական գոյի վերաիմաստավորումը և արժևորումը, ու՞մ ես ցանկանում նմանվել: Եվ Անդրանիկի կերպարն այս առումով բավականին հետաքրքիր է»:

Ըստ բանախոսի՝ Անդրանիկը հայ էր. սա և՛ բախտավորություն է, և՛ դժբախտություն է: Վերջնարդյունքում՝ տեսանք, որ ինքն իր ընտրած ճանապարհից փորձեց հեռանալ, սա, իհարկե, ռազմական գործչի առումով ինտելեկտուալ ինքնասպանություն էր. ինքը գնաց՝ թողնելով ամեն ինչ, ամեն դեպքում փորձեց ինչ – որ բան անել:

«Վարգես Ահարոնյանը մի շարք գծեր է տալիս. Անդրանիկը ռազմիկ էր ոտքից գլուխ, նրա զինվորական տաղանդը միևնույն շաղախից էր, ինչ որ պատմության մեծ հրամանատարներինը», – Անդրանիկի մասին հեղինակի մտորումներն այսպես ներկայացրեց Վլ. Պողոսյանը:

Միջոցառման բանախոս, գրող, կինոռեժիսոր Արտաշես Շահբազյանը, ում «Ես կգնամ» խորագրով վերջին ժողովածուի օրինակները ևս նվիրվեցին ԵՊՀ ԻՄ գրադարանին, այն կարծիքին է, որ Վ. Ահարոնյանի գրքերի՝ հայրենիքում վերահրահրատարակմամբ երկու կարևոր և շատ շնորհակալ գործ է արել Համազգային Հայ կրթամշակութային միությունը: Նախ՝ հոբելյանները նկատի առնելով երկու մեծ գործիչների հիշատակն է հավերժացվել, մյուս կողմից՝ սա լավագույն առիթն է ճանաչելու Վարդգես Ահարոնյան գործչին:

«Վարդգես Ահարոնյանն այն սերնդի ներկայացուցիչն էր, ովքեր աշխարհի առջև մի մեծ «մեղք» ունեցան, ինչի համար հալածվեցին, սպանվեցին՝ նաև որպես հիշողություն դատապարտվելով կորստի: Այդ «մեղքը» իրենց հայրենասիրությունն էր, հայոց պետականություն կերտելու տեսիլը: Այդ առաքելությամբ իրենք աշխարհ եկան, ստեղծեցին այս Հայաստանը և դատապարտվեցին հալածանքի, գանահարման և մոռացության», – նշեց Ա. Շահբազյանը՝ ավելացնելով, որ ճշմարտությունը կարելի է յոթ փականի տակ պահել, փոսի մեջ խորը թաղել, բայց ի վերջո չի կարելի անհետացնել, և Վ. Ահարոնյանի անվան վերադարձը հենց այդ մասին է փաստում:

Ըստ բանախոսի՝ Վ. Ահարոնյանն իր հոր հետ միասին այդ անարդարության զոհերից մեկն է: Ա. Շահբազյանը պատմաբանների և բանասերների ուշադրությունը հրավիրեց Ահարոնյան հոր և որդու կերպարների վրա, մարդիկ, ովքեր մեր պետական – քաղաքական ամենաառանցքային գործիչներից են:

Ներկայացնելով Ավետիս և Վարդգես Ահարոնյան գործիչների կենսագրական որոշ գծեր, նրանց տեղը և դերը ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության, այնպես էլ դրան նախորդող և հաջորդող կարևորագույն շրջաններում՝ Ա. Շահբազյանը փաստեց, որ այս հրատարակությունների և քննարկումների միոջոցով քայլ առ քայլ հայ ժողովրդին է վերադարձվում նրա նվիրական զավակներից մեկի՝ Վարդգես Ահարոնյանի անունը:

«Մենք աղքատ ենք, եթե այդ հարստությունը մոռացված է», – եզրափակեց իր խոսքը Արտաշես Շահբազյանը՝ փաստելով, որ Վ. Ահարոնյանի գործերը նաև լավագույն սկզբնաղբյուր կարող են ծառայել ուսումնասիրողների համար, քանի որ դրանք ստեղծված են դեպքերի և իրադարձությունների, հայ ժողովրդի համար ողբերգական, բախտորոշ և ճակատագրական շրջափուլերի ականատեսի գրչով:

Վահե Սարգսյան
Իջևան – Երևան

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company