ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում 1920 թ. նոյեմբերին: Հանրապետության անկումը

28 Նոյեմբեր 2020 Այս տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության անկման 100-րդ տարելիցը: 100 տարի առաջ` դեկտեմբերի 2-ին, Հայաստանը խորհրդայնացվեց, բայց թե ինչ իրավիճակ էր Հայաստանում խորհրդայնացման նախօրյակին, ինչու և ինչպես խորհրդայնացավ Հայաստանը, կքննարկենք ստորև:

Ինչպես գիտենք, 1920 թ. հոկտեմբերի 30-ին ընկավ Կարսը. «Կարսի անկումից յետոյ, պատերազմի ընթացքը հայերի համար դարձաւ այլեւս յուսահատական»: 1920 թ. նոյեմբերին թուրքական զորքերը շարժվում են դեպի Ալեքսանդրապոլ, իսկ հայկական զորքերը, մարտեր տալով, նահանջում են: Նոյեմբերի 3-ին վարչապետ Համազասպ Օհանջանյանը Քյազիմ Կարաբեքիրին զինադադար է առաջարկում, սակայն թուրքերը ձգձգում են այն և ավելի են խորանում Հայաստանի տարածքում: Նոյեմբերի 5-ին զորավար Մ. Սիլիկյանը բանակի հրամանատար Թ. Նազարբեկյանին հաղորդում է.

«Զորամիավորումներն ինքնագլուխ թողնում են ռազմաճակատը: Զինվորները խմբերով դասալքում են և չեն ենթարկվում հրամանատարներին»: Ալեքսանդրապոլին մոտեցած թուրքերին ընդառաջ է գնում տեղի բոլշևիկյան կոմիտեն. «Ալեքսանդրապոլի պրոլետարիատը և չքավոր գյուղացիությունը՝ ազատագրված հայկական դարավոր լծից, հղում է եղբայրական և սրտալի ողջույնը Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը….

Կեցցե Թուրքիայի կոմկուսը
Կեցցե կարմիր հեղափոխական Արևելյան բանակը
Կեցցե կոմունիզմը
Կեցցե Սովետական Հայաստանը

Ար. Տեր-Մարտիրոսյան, Մկ. Խաչիկյան
Նոյեմբեր 13, 1920»:

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ներքգործնախարար Սարգիս Արարատյանը և Քյազիմ Կարաբեքիրը Ալեքսանդրապոլում ստորագրում են զինադադարի պայմանները: Զինադադարի վերջին օրը նոյեմբերի 25-ն էր, իսկ դրանից մեկ օր առաջ պետք է սկսվեին հաշտության բանակցությունները: Նոյեմբերի 23-ին Ալեքսանդրապոլ է մեկնում Հայաստանի Բյուրո-կառավարության պատվիրակությունը` Ալ. Խատիսյանի գլխավորությամբ` թուրքերի հետ բանակցություններ վարելու:

Նոյեմբերի 22-ին Բաքվում գտնվող Սարգիս Կասյանը ստեղծում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որը մեկ շաբաթ անց` նոյեմբերի 29-ին, Իջևանի կողմից պետք է մտներ Հայաստան` այն հռչակելով խորհրդային: Այդ նույն օրերին երկրի անկախ գոյությունը երկարաձգելու համար ՀՀ կառավարությունը մի կողմից Ալեքսանդրապոլում թուրքերի հետ բանակցություններ էր վարում` հայրենիքի վերջին փշրանքները փրկելու համար, մյուս կողմից փորձում էր ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Վրացյանի խոսքերով` «….Կառավարութեան նպատակն էր սերտ բարեկամութիւն հաստատել Խորհրդ. Ռուսաստանի հետ եւ ապահովել նրա աջակցութիւնը: Ամենքի համար պարզ էր այն օրերին, որ Հայաստանը կամ Ռուսաստանի հետ պէտք է լինի, կամ պէտք է դառնայ թուրքերի ձեռքին խաղալիք, եթէ չբնաջնջուի իսպառ»: Նոյեմբերի 23-ին խորհրդարանը ընդունում է Համազասպ Օհանջանյանի բյուրո-կառավարության հրաժարականը, հաջորդ օրը ձևավորվում է նոր կառավարություն` Սիմոն Վրացյանի վարչապետությամբ: Շարունակվող բանակցություններում Բորիս Լեգրանը դնում էր Հայաստանի խորհրդայնացման հարցը, ինչը «….մահացու հարուած պիտի հասցնէր Հայկական խնդրին եւ Հայաստանին տրուած բոլոր միջազգային յանձնառութիւններին ու դաշնագրերին: Մինչդեռ, եթէ Հայաստանը պահուէր անկախ, թէ՛ դրսի աշխարհից չէր կտրուի, թէ՛ կը մնար Հայկական հարցի իրաւատեր….»: Հայաստանի անկախության պահպանման դիմաց ՀՀ կառավարությունը Խորհրդային Ռուսաստանին առաջարկում էր ու նաև վստահեցնում, որ եթե «….Խորհրդ. Ռուսաստանին հարկաւոր է Հայաստանի բարեկամութի՞ւնը_ մենք այդ կ’ապահովենք: Բոլշեւիկների համար անհրաժեշտ են Հայաստանի ճանապարհնե՞րը- մենք կը տանք»:

Հակառակ ՀՀ կառավարության առաջարկին՝ Բ. Լեգրանը պնդում էր, որ «Հայերը ընդմիշտ պէտք է հրաժարուեն Եւրոպայից ու Ամերիկայից եւ խաչ քաշեն Սեւրի դաշնագրի վրա: Հայերը իրենց յոյսը պէտք է կապեն միայն համաշխարհային յեղափոխութեան եւ բանուորագիւղացիական Ռուսաստանի հետ»: Բանակցությունները, փաստորեն, Հայաստանի համար ցանկալի արդյունքը չտվեցին, իսկ Հայաստանի կառավարության մտահոգությունն այն էր, որ «….եթէ Կարմիր բանակը Հայաստան մտնէր Հիւսիսից, թուրքերը առաջ կը շարժուէն հարաւից եւ ռուսների հասնելուց շատ առաջ կը գրաւէին Երեւանը: Այդ պատճառով, կառավարութիւնը աշխատում էր Ալեքսանդրապոլի բանակցութիւնները չխզել եւ հաշտութեան հարցը հասցնել իր տրամաբանական վախճանին»:

Բանակցություններում թե՛ թուրքերը և թե՛ ռուս բոլշևիկները, համաձայն Հայաստանը բաժանելու իրենց ծրագրի, որդեգրել էին անզիջում կեցվածք, և նոյեմբերի 29-ին Բ. Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերջնագիր ներկայացրեց, որում ասվում էր. «….Ռուսաստանի Կոմունիստ. Կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէն որոշել է Հայաստանում մտցնել խորհրդային կարգեր: Հայաստանի Յեղկոմը արդէն ոտք է դրել Հայաստանի հողի վրայ»:
Արդեն հաջորդ օրը նա Հայաստանի խորհրդայնացման գրավոր պահանջ ներկայացրեց, և նոյեմբերի 30-ին սկսվեցին բանակցությունները կառավարության ներկայացուցիչներ Դրոյի ու Համբարձում Տերտերյանի և Բ. Լեգրանի միջև: Նույն օրը Հայաստանի խորհրդայնացումն արագացնելու համար Ադրբեջանի հեղկոմը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով հրաժարվում էր Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ ունեցած հավակնություններից. «Ադրբեջանը հրաժարվում է «վիճելի» տարածքներից, և տարածքային հարցերը չեն կարող երկու ժողովուրդների` «հայերի և մահմեդականների» միջև արյունահեղության պատճառ դառնալ։ Հռչակագրով Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Զանգեզուրի և Նախիջևանի գավառները ճանաչել է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տվել ինքնորոշման իրավունք, պարտավորվել դադարեցնել ռազմական գործողությունները Զանգեզուրում և ադրբեջանական զորքերը դուրս հանել երկրամասից։ 1920-ի նոյեմբերի 30-ին հրապարակվել է նաև Խորհրդային Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովի և արտաքին գործերի ժողկոմ Հուսեյնովի դիմում-ուղերձը՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու մասին։ Դիմում-ուղերձում Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերացված են սահմանային վեճերը, և այդ օրվանից Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը համարվում են Խորհրդային Հայաստանի անբաժան մասերը:
Ադրբեջանի հեղկոմի 1920-ի նոյեմբերի 30-ի հռչակագրի, «Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության», ինչպես նաև Ռուսաստանի կոմունիստական (բանվորական) կուսակցության կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921-ի հունիսի 3-ի որոշման հիման վրա Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհը 1921-ի հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը հայտարարել է ՀԽՍՀ անբաժան մաս։ Հայտնվելով մի կողմից թուրքական բացահայտ ռազմական ճնշման, մյուս կողմից՝ խորհրդայնացման անխուսափելիության առաջ՝ Հայաստանի կառավարությունը տեղի տվեց: Կառավարության, Դաշնակցության բյուրոյի և խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի համատեղ խորհրդակցությունում որոշվեց ընդունել ռուսական առաջարկը: Մյուս կողմից` վտանգավոր զարգացումներից խուսափելու համար Ալ. Խատիսյանի պատվիրակությանը լիազորվեց ընդունել թուրքական պայմանները և ստորագրել հաշտության պայմանագիրը:

Դեկտեմբերի 1-ին, երբ Հայաստանը դեռևս խորհրդայնացած չէր, Երևանում տեղի է ունենում խորհուրդների հանդիսավոր նիստը, որտեղ Գ. Օրջոնիկիձեն խոսում է Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը Հայաստանին թողնելու մասին. «Ինչ որ Զանգեզո՛ւր, անբերրի լեռներ, ո՛չ հաց կայ, ո՛չ ջուր: Այնտեղ ոչինչ չկայ: Ինչ որ Նախիջեւան ճահիճ, մալարիա եւ ուրիշ ոչինչ: Ինչ որ Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ կայ այդ Ղարաբաղում: Ոչի՛նչ չկայ: Եւ ահա ընկ. Նարիմանովն ասում է. «Դրանք ձե՛զ վերցրէք: Այդ անբերրի հողերը վերցրէք Հայաստանի համար»»:

Բոլշևիկ-ադրբեջանական այս ներկայացումը նպատակ ուներ արագացնելու Հայաստանի խորհրդայնացումը՝ վստահեցնելով, որ Հայաստանը տարածքային կորուստներ չի ունենա: Եվ ահա դեկտեմբերի 2-ին կնքվում է Հայաստանի խորհրդայնացման պայմանագիրը, որով Հայաստանը հռչակվում է «խորհրդային-սոցիալիստական հանրապետություն»:

Այսպիսով՝ Լենին-Քեմալ կամ Թուրքիա-Խորհրդային Ռուսաստան դաշինքը, ի վերջո՝ ոչ առանց հայ բոլշևիկների մասնակցության, հանգեցրեց Հայաստանի Հանրապետության անկմանը: Բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև հայտնված Հայաստանի կառավարությունը այլ բան չէր կարող անել, քան հանձնել իշխանությունը բոլշևիկներին՝ անկախության կորստի գնով փորձելով փրկել Հայաստանը թուրքական վտանգից: Իսկ թե ինչ եղավ դրանից հետո, կքննարկենք այլ թեմայի շրջանակներում: Մեզ մնում են միայն 1920 թ. նոյեմբերի դաժան, բայց շատ կարևոր դասերը, որոնք չսովորելը կարող է ճակատագրական լինել, հատկապես` այս օրերին: Թուրքիան և նրա հովանավորությունը վայելող Ադրբեջանը միշտ կձգտեն պանթյուրքիզմի ճանապարհին պատնեշ հանդիսացող Հայաստանի վերացմանը, և Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են դիմակայել, եթե ներազգային համերաշխությունը, հայրենիքի ու անկախ պետականության գաղափարը միշտ վեր դասվեն անձնական կամ նեղ խմբային շահերից: Հայ ազգը իր պատմության բոլոր հանգրվաններում հետայսու պարտավոր է հիշել Արամ Մանուկյանի պատգամը. «Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա´յն մեր ուժերին….»: Ահա մեծագույն դասը, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որևէ այլ երկիր կամ ժողովուրդ պարտավոր չեն մեզ ոչնչով օգնել: Իսկ Ադրբեջանի հեղկոմի` Արցախի, Նախիջևանի և Զանգեզուրի վերաբերյալ վերը հիշատակված հռչակագիրը Արցախի հակամարտության կարգավորման հարցում կարող է մեզ բավականաչափ օգտակար լինել, եթե կարողանանք ճիշտ օգտագործել այն:

Անի Մելքոնյան
Պատմաբան, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ

«Դրօշակ», թիվ 11 (1645), նոյեմբեր, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company