Սահմանադրական առումով` ունենք թերի կառավարություն
13 Փետրվար 2019 Այսօր, Փետրվարի 13-ին ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն եւ ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: Ասուլիսի նպատակն էր ներկայացնել ՀՅԴ տեսակետները կառավարության ծրագրի ու կառուցվածքի վերաբերյալ:Ստորեւ ներկայացնում ենք ասուլիսի ժամանակ հնչած Արծվիկ Մինասյանի խոսքը.
Անցած տարի Դաշնակցությունը հրապարակեց իր սոցիալ-տնտեսական քաղաքականության դրույթները, որոնք պետք է հիմք հանդիսանան ցանկացած կառավարության և պետական ու հանրային ծրագրի Դաշնակցության կողմից տրվող գնահատականների համար. նշեց Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով, որ Դաշնակցությունը կառավարության ծրագրի վերաբերյալ արդեն հրապարակել է իր մասնագիտական ու քաղաքական գնահատականը, և առաջիկայում այդ փաստաթուղթը կհրապարակվի ամբողջ ծավալով:
«Այստեղ երկու հիմնական բաժին է՝ ընդհանուր գնահատականներ և մասնագիտական կամ ոլորտային գնահատումներ: Մեր ոլորտային հանձնաժողովների ներկայացուցիչները պատրաստ են և՛ հարցուպատասխանի, և՛ բանավեճերի, այդ թվում՝ իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ՝ խորքային քննարկելու համար մեր տեսակետները, քննադատությունները, առաջարկությունները՝ ապահովելով անհրաժեշտ հրապարակայնություն: Այս հանձնախմբերի նպատակն է հանրային կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ ունենալ համակարգված և համընդհանուր տեսակետների ամբողջություն: Եվ թեպետ հանձնաժողովներում մեր կուսակցական ընկերներն են, բայց այս աշխատանքը դարձնելու ենք հրապարակային, որպեսզի ոչ կուսակցականների ու այլ կուսակցությունների ներկայացուցիչների մոտեցումները կարողանան քննարկման առարկա դառնալ, ինչն ապագայում կդառնա հիմք այլընտրանքային կառավարության մեր պատկերացումների կամ ստվերային կառավարության մոտեցումների համար»,- նշեց Մինասյանը:
Ըստ նրա` Դաշնակցությունը կարևոր խնդիր է համարել կառավարության կազմավորման սահմանադրականության հարցը:
«Ներկայիս կառավարությունը բոլոր մակարդակներում, ցավոք, օրենքի, սահմանադրականության և իրավունքի հետ խնդիր ունի. հաճախ չեն ծանոթանում օրենքի կամ Սահմանադրության համապատասխան դրույթին, կամ պատշաճ ձևով չեն ներկայացնում իրավական վերլուծություն, և մենք տեսնում ենք տարակերպ մեկնաբանություն, հակասող մոտեցումներ, ավելին` սահմանադրական նորմերի անտեսում: Մասնավորապես` Սահմանադրության 150-րդ հոդվածի և կառավարության գործունեության մասին 3-րդ հոդվածի համաձայն` վարչապետը նշանակումից հետո` 5-օրյա ժամկետում, պետք է ներկայացնի կառավարության անդամների և թեկնածուների մասով իր առաջարկությունը ՀՀ նախագահին: Որևէ օրենքի նորմ չի սահմանում բացառություն, երբ կարող է մեկ մարդու մասին ներկայացնել, այն վերաբերում է բոլորին, այլ բան է, որ օրենքը և Սահմանադրությունը նախատեսում են ՀՀ նախագահի լիազորությունները նշանակման ընթացքում, երբ նա կարող է 3 օրվա ընթացքում նշանակում չանել, բայց այս դեպքում պարտավոր է ՍԴ ներկայացնել համապատասխան դիմում: Եթե նախագահը նշանակում չի անում, ապա իրավունքի ուժով է նշանակվում կառավարության անդամը, իսկ եթե ՍԴ-ն բավարարում է դիմումը, ապա առաջարկությունը հետ է գալիս վարչապետին, և նա ներկայացնում է նոր թեկնածու»,- մանրամասնեց դաշնակցական գործիչը:
Ըստ նրա՝ կառավարության անդամների 2/3-ի կազմավորումը օրենքը նախատեսում է որպես պարտադիր պայման` իրավական 2 հետևանք առաջացնելու համար. առաջին՝ եթե 2/3-ը չնշանակվի 15 օրվա ընթացքում, ապա վարչապետը համարվում է հրաժարական տված, երկրորդ՝ եթե նշանակված է համարվում, ապա, այդ պահից սկսած, գործում է սահմանադրական այն նորմը, որ 20 օրվա ընթացքում կառավարությունը պարտավոր է ԱԺ-ին ներկայացնել իր ծրագիրը:
«Սա փաստում է այն, որ իրավական համապատասխան խորհրդատվություն տրամադրող անձինք, ցավոք, անտեսել են այս կարևոր պայմանը, և այսօր, սահմանադրական առումով, ունենք թերի կառավարություն»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:
Պարգևավճարների հետ կապված բարձրաստիճան անձինք մեկնաբանում են օրենքները՝ կա’մ չծանոթանալով, կա’մ սխալ մեկնաբանություն տալով,- ասաց Արծվիկ Մինասյանը:
«Եթե նրանցից որևէ մեկը չզլանար, վերցներ ու կարդար 2018-ի մարտից ուժի մեջ մտած «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունը, ապա կտեսներ, որ այնտեղ բոլոր հարցերի կարգավորումները տրված են՝ պարգևատրման սխեմաների, օրենսդրական և անհրաժեշտ հիմքերի: Եվ սա վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ միայն անփորձության, այլև օրենսդրությանը ծանոթանալու կամ դրա հիման վրա գործելու ոչ բավարար ցանկության հետ»,- նշեց նա:
Դաշնակցական գործիչն ուշադրություն հրավիրեց մեկ այլ կարևոր խնդրի՝ Սահմանադրության նորմի համաձայն` յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է ամեն տարի ներկայացնել իր ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություն:
«Այս նորմն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլից՝ ՀՀ նախագահի պաշտոնավարման սկզբին հաջորդող օրվանից: Այսինքն՝ սա տարածվում է այն կառավարության վրա, որը հիմա արդեն չկա, բայց իշխող քաղաքական ուժը չի փոխվել, կառավարության անդամների մեծամասնությունը չի փոխվել, և շատ սկզբունքային հարց է, որ այս կառավարությունը ներկայացներ հաշվետվություն, թե 2018-ի հունիսի 1-ին կառավարության` հավանությանն արժանացած ծրագրի կետերը կատարման ի՞նչ փուլում են, ինչո՞ւ չեն կատարվել, կամ եթե թերի են կատարվել են, ապա որո՞նք են պատճառները: Հիշում եք, որ Փաշինյանի կառավարության` 2018-ի ծրագիրը պարունակում էր և՛ քաղաքական, և՛ տնտեսական բարեփոխումներին ուղղված կոնկրետ գործողություններ: Իհարկե, այս կառավարության հիմնական նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն էր, ինչպես նաև քաղաքական համակարգում համապատասխան փոփոխություններ իրականացնելը, ուստի պատահական չէր, որ մայիսին ձևավորված կառավարության նկատմամբ հանրությունը պահանջատեր չէր, որ լինեն կոնկրետ ցուցանիշներ, ամրագրված լինեն թիրախներ: Բայց նման վերաբերմունքը նաև երկարաժամկետ կառավարության ծրագրի վրա տեղափոխելը` նշանակում է խեղաթյուրել ծրագրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ սահմանադրա-իրավական բովանդակությունը»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ իր բացասական կողմերով կառավարության ծրագիրը դարձել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետվություն չներկայացնելու առարկայական փաստ:
Ըստ նրա՝ հաշվի առնելով նաև կադրային ձախողումները, բավականին անելիքներ կան թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերի ու քաղհասարակության մասնակցության համար՝ ունենալու համար հաշվետու կառավարություն, այն էլ` խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում:
Վերադառնալով կառավարության ծրագրին` Մինասյանը նշեց, որ այն զերծ է նաև գաղափարական հենքից: «Վերջնական մասում գրված է, որ այն հիմնված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի վրա, որը չեմ կարծում, թե հանրությունը, ներառյալ` դաշինքի ներկայացուցիչներից շատերը, կարող են գաղափարախոսական ծրագիր համարել, քանի որ չկա ընդգծված մոտեցում, պատկերացում՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի, շուկայական տնտեսական կարգի ինչ մեխանիզմ է նախատեսված դաշինքի կամ կառավարության ծրագրում: Եվ վատն այն է, որ եզրափակիչ մասում անտեսված են արտախորհրդարանական ուժերը. կարծես թե երկրի կառավարման գործում այս ուժերը չպետք է դերակատարություն ունենան, կարծես թե Հայաստանը կառուցված է միայն հաղթող ուժից և խորհրդարանում ներկայացվածներից, ինչն այդպես չէ: Մենք մեր գործունեությամբ, ինչպես նաև մյուս արտախորհրդարանական ուժերը, ցույց կտանք, որ, ո՛չ, երկիրը պետք է կառավարվի բոլորի կողմից՝ գաղափարական, ծրագրային կոնկրետ առաջարկների և քննարկումների, դրանց արդյունքում լավագույն որոշումները կայացնելու սկզբունքի հիման վրա»,- ընդգծեց Մինասյանը:
Կառավարության ծրագրում ներկայացված ցուցանիշներն իրար հետ համաձայնեցված չեն,- նշեց Արծվիկ Մինասյանը:
«Այս փաստաթղթում ամրագրված է Հայաստանի բնակչության կրկնապատկման դրույթը՝ 20 տարվա ընթացքում, ինչը նշանակում է 5 միլիոնից ավելի բնակչություն: Այս դրույթի ներքո առնվազն տարակուսելի է՝ ո՞նց կարելի է կառավարության ծրագրում թիրախ համարել 5 տոկոս տնտեսական աճը, ո՞նց կարելի է աղքատության, ծայրահեղ աղքատության հաղթահարումը համարել ցուցանիշ, թիրախ՝ առանց մտածելու, որ 5 տոկոս տնտեսական աճը պարզապես ի վիճակի չէ լուծել այս խնդիրը: Առհասարակ, տնտեսական կառուցվածքային վերափոխման ճանապարհային քարտեզ գոյություն չունի»,- շեշտեց նա:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց՝ հստակ պետք է արձանագրվեր, որ էական նշանակություն ունի այն, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը չափազանց կարևոր է, եթե իրացվեն 2016-ի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում համաձայնեցված` վստահության և անվտանգության միջոցների ամրապնդմանն ուղղված գործողությունները, ինչը ևս չկա կառավարության ծրագրում:
«Ոչ միայն մեկ-երկու տեղ, այլև ամբողջ ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» անվանում, չեք գտնի, կա «Արցախ» արտահայտությունը, որը, Արցախի Սահմանադրության համաձայն, իրավական կատեգորիա չէ, ավելին` ինքնիշխան պետությանը բնութագրող հասկացություն չէ, ուստի անպայման պետք է ամրագրվի «Հանրապետություն» արտահայտությունը՝ որպես ուղերձ, որ ՀՀ-ն երաշխավորում է, ճանաչում և ներսում ռազմաքաղաքական երաշխիքն է ապահովում: Սրանք արտաքին քաղաքականության մեջ կարևոր հարցեր են՝ որպես ուղերձ աշխարհին»,- պնդեց Մինասյանը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դաշնակցական գործիչը նշեց. «Մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր է ավելացնել նաև հետևանքների վերացման հատվածը՝ որպես կարևորագույն գործողություն անկախ պետականության համար»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա շեշտեց, որ «առանց նախապայմանների կարգավորում» ձևակերպումը պետք է կառավարության ծրագրում լիներ, որը չկա:
Ցանկացած նախարարության անհրաժեշտություն պարզելու համար հարկավոր է հստակեցնել՝ ի՞նչ պարտականություն ունի պետությունը և, ի դեմս կառավարության գործադիր ֆունկցիայի, ի՞նչ լիազորություն հասարակական կյանքում,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այս պարտականությունից էլ պետք է բխի կառավարության լիազորությունը:
«Սրանից հետո միայն պետք է որոշվի՝ նախարարությա՞ն, թե՞ պետական այլ մարմնի մակարդակով կարող է այդ լիազորությունն իրականացվել: Այս լիազորության բաշխումը պիտի իջնի ներքև, որպեսզի որոշվի` դա իրականացնելու համար ի՞նչ մասնագիտության աշխատող է պետք, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ, ի՞նչ արդյունքների համար, ինչից ելնելով էլ` պիտի որոշվեն հաստիքակազմը և կառուցվածքը: Եվ միայն սրանից հետո կարելի է քննարկել՝ այս գործառույթը մեկ նախարարություն կարո՞ղ է իրականացնել, թե՞ պետք է բաժանել երկուսի:
Երկրորդ՝ գործառույթների կրկնության հիմնավորումը տեղին չէ: Օրինակ՝ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն է նախատեսվում. տեխնոլոգիական առաջընթացն առաջնային դարձնելը էկոնոմիկայի ֆունկցիան է` արդյունաբերության ոլորտում առանձին նախարարություն ստեղծելով: Հիմա ես եմ հարց տալիս՝ ի՞նչ կրկնություն է ապահովվում էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունների միջև, գիտե՞ն հստակ տարբերակումը: Կամ` Սփյուռքի նախարարության պարագան, ո՞նց կարելի է հանձնակատարի լիազորությունը համեմատել նախարարության լիազորության հետ, չէ՞ որ նախարարը քաղաքական պաշտոն է և այդ երկրի վերաբերմունքն է Սփյուռքի հետ հարաբերություններում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ի նորաստեղծ հանձնախմբերը`յուրօրինակ այլընտրանքային կառավարություն
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր մաուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նկատի ունենալով կառավարության կառուցվածքն ու Ազգային Ժողովի հանձնաժողովների գործունեության ուղղությունները` ՀՅԴ-ն կյանքի է կոչել այլընտրանքային նախագծերի և մոտեցումների մշակումներով զբաղվող հանձնախմբեր: Սրանք, ըստ էության, պետք է հանդիսանան յուրօրինակ այլընտրանքային կառավարություն:
Ներկայումս ձևավորվել են 11 հանձնախումբ: Դրանք են.
1. Էկոնոմիկա, ներդրումներ, հարկային քաղաքականություն և հանրային ֆինանսներ
2. Կրթություն, գիտություն
3. Արտաքին քաղաքականություն, Սփյուռք և հայրենադարձություն
4. Սոցիալական հարցեր
5. Գյուղատնտեսական, բնական պաշարներ
6. Ազգային անվտանգություն, պաշտպանությունմ Արցախ
7. Արդարադատություն, մարդու իրավունքներ և սահմանադրություն
8. Մշակույթ, երիտասարդություն և սպորտ
9. Տարածքային կառավարում ենթակառուցվածքներ և տեղական ինքնակառավարում
10. Առողջապահություն
11. Շրջակա միջավայր
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` հանձնախմբերի ստեղծման նպատակը կառավարության ծրագրի ուսումնասիրությունն է, դրանից բխող առաջարկություններ անելն ու, առհասարակ, կառավարության գործողություններն ուշադրության կենտրոնում պահելը:
«Մեր առաջարկությունները և ուսումնասիրությունները մինչև շաբաթվա վերջ կհրապարակվի: Մենք գտնում ենք, որ կառավարության գործողությունների ծրագիրը կազմելու համար այն պիտի մի շարք չափորոշիչների և պահանջների համապատասխանի: Պետք է լինի օրենք այդ չափորոշիչները սահմանելու համար»,-ընդգծեց նա:
https://youtu.be/ToR8Bt3w8T0



